Նոր մոդելը կհուշի, թե ինչ ծառայությունների կարիք կա․ Զարուհի Բաթոյան

0
795

Եվրամիության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակների աջակցությամբ դեկտեմբերի 13-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կազմակերպել էր աշխատանքային քննարկում:

Նպատակն էր՝ ևս մեկ անգամ անդրադառնալ հաշմանդամություն ունեցող անձի կարիքի գնահատման համակարգում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված նոր մոդելի ներդրման աշխատանքներին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Զարուհի Բաթոյանը շնորհակալություն հայտնելով գործընկեր կազմակերպություններին և հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող կազմակերպությունների պիլոտային ծրագրին աջակցելու համար՝ նշել է, որ մեր երկրի համար որևէ մոդել նույնությամբ չի կիրառվել, այլ հաշվի են առնվել ազգային առանձնահատկություններն ու մոտեցումները:

«Հայաստանում մինչ օրս հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները գնահատված չեն։ Մեր ներկայիս համակարգն առ այսօր գնահատում է մարդու առողջական վիճակն ու  ֆունկցիոնալությունը, բայց ոչ այն հանգամանքը, թե ինչով է դա խանգարում, որ մարդը ներառվի հասարակություն: Չենք գնահատում, թե որոնք են այն միջավայրային արգելքները, որոնք խանգարում են մարդուն լիարժեք, անկախ և ինքնուրույն ապրել մեր երկրում»,- նշել է Զարուհի Բաթոյանը:

Այնուհետև, ընդգծել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների հիման վրա իրականացվող համակողմանի գնահատման կարևորությունը, որը թույլ է տալիս ոչ միայն գնահատել հաշմադամություն ունեցող անձի առողջական խնդիրները կամ ֆունկցիոնալությունը, այլև միջավայրային արգելքները: «Մշակված նոր մոդելի միջոցով կգնահատվեն հաշմանդամություն ունեցող անձի կարիքները, ինչը կհուշի, թե ինչպիսի ծառայություններ է պետք նրան մատուցել, որպեսզի բարձրանա այս կամ այն ոլորտում նրա մասնակցության աստիճանը»,- հավելել է Զարուհի Բաթոյանը:

Միջազգային փորձագետներ Ստատիս Տրիանտաֆիլուն և Մարիաննա Պապադուպուլուն հանդիպման մասնակիցներին ներկայացրել են Կիպրոսի փորձը, իրականացված աշխատանքների գործընթացն  ու իրական արդյունքները:

Փորձագետները խոսել են նաև նոր ներդրվող հայաստանյան մոդելի ընդհանուր կառուցվածքի, առավելությունների և միջգերատեսչական համագործակցության առանցքների մասին: Հատկապես կարևորվել է անձի կարիքների բազմակողմանի և համապարփակ գնահատումը և գնահատված կարիքին համարժեք անհրաժեշտ ծառայությունների որոշումը:

Աշխատանքային քննարկմանը մասնակցել են միջազգային փորձագետներ, շահագրգիռ գերատեսչությունների պատասխանատուներ, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: