Քննարկվել են կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման միջոցառումները

0
473

Հունվարի 17-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արսեն Մանուկյանն աշխատանքային քննարկում է անցկացրել շահագրգիռ գերատեսչությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ՝ «Հայաստանի Հանրապետությու­նում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման քաղաքականության իրականացման 2019-2023 թվական­ների ռազմավարությունը և միջոցա­ռումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ:

Նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատարը խոսել է ներկայացված փաստաթղթի անհրաժեշտության և կարևորության մասին՝ ընդգծելով, որ այն արտացոլում է Հայաստանի Հանրապետության հանձնառությունը գործադրելու անհրաժեշտ ջանքեր և իրականացնել միջոցառումներ Հայաստանում՝ սոցիալ-տնտեսական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներ և հնարավորություններ ապահովելու համար:

«Բոլոր շահագրգիռ գերատեսչություններն իրենց լիազորությունների և գործառույթների շրջանակում ներկայացրել են իրենց միջոցառումները: Մենք, որպես լիազոր մարմին, ամփոփել ենք բոլորը և ամբողջական փաթեթի տեսքով կներկայացնենք ՀՀ կառավարություն: Շատ կարևոր է մեզ համար ունենալ նաև մեր գործընկեր միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դիրքորոշումը և մոտեցումները փաստաթղթի վերաբերյալ»,- հավելել է պարոն Մանուկյանը:

Այնուհետև, նախարարության կանանց հիմնահարցերի բաժնի պետ Արմենուհի Թանաշյանը հանդիպման մասնակիցներին մանրամասն ներկայացրել է փաստաթղթում ամրագրված միջոցառումները, արված աշխատանքներն ու խնդիրները: Նա ընդգծել է, որ մշակված ռազմավարությունը սահմանում է կանանց և տղամարդկանց հավասար  իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման պետական քաղաքականության առաջնահերթ ուղղությունները և ուղղված է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց իրավունքների և հնարավորությունների իրացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը՝ հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները:

Առողջապահության, կրթության և գիտության, մշակույթի, արտաքին գործերի, գյուղատնտեսության նախարարությունների և ոստիկանության համապատասխան մասնագետներն ևս ներկայացրել են Ռազմավարության շրջանակում իրենց գերատեսչության կողմից իրականացված միջոցառումները:

Մասնավորապես, խոսել են սոցիալ-տնտեսական ոլորտում սեռի հատկանիշով պայմանավորված խտրականության հաղթահարման, կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնման, կրթության ու գիտության ոլորտում կանանց և տղամարդկանց լիարժեք ու արդյունավետ մասնակցության, առողջապահության ոլորտում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ընդլայնման, սեռի հատկանիշով պայմանավորված  խտրականության կանխարգելման, ազգային մեխանիզմի կատարելագործման գործընթացում կանանց առաջխաղացման, կառավարման ոլորտում և որոշումների ընդունման մակարդակում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցության, ընտանիքում բռնության երևույթի կանխարգելման և դրա դեմ պայքարի հարցերի շուրջ:

Գերատեսչությունների կողմից ներկայացված միջոցառումների, ծրագրերի և ակնկալվող աշխատանքների մասին իրենց դիտարկումները, առաջարկություններն ու դիրքորոշումն են հայտնել նաև միջազգային կառույցների ներկայացուցիչները:

Արձանագրելով իրագործված աշխատանքները՝ քննարկման մասնակիցները առանձնացրել են ոլորտային խնդիրների լուծմանն ուղղված նպատակները, իրականացվելիք միջոցառումներն ու ակնկալվող արդյունքները:

Հանդիպման ավարտին պարոն Մանուկյանը ևս մեկ անգամ ընդգծել է նմանատիպ ռազմավարական փաստաթղթերի կարևորությունը, որը կարող է որպես «հուշաթերթ» ծառայել ոլորտում իրականացվող աշխատանքների համար: Նա հույս է հայտնել, որ համախբելով բոլոր ներգրավված կողմերի ջանքերը հնարավոր կլինի իրագործել փաստաթղթում տեղ գտած միջոցառումներն ու ծրագրերը: