Զարուհի Բաթոյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետին

0
542

Աշխատանքի  և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հունվարի 23-ին ընդունել է Ամերիկայի միացյալ նահանգների Գլենդել քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանյանին: Շնորհավորելով նախարարին պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ՝ պարոն Սինանյանը ընդգծել է երկրում ստեղծված իրավիճակի կարևորությունը սոցիալական պաշտպանության ոլորտի խնդիրների լուծման գործում:

Հանդիպման ընթացքում Զարուհի Բաթոյանը առանձնացրել է Գլենդելում գործող խնամքի հաստատություններում մատուցվող ծառայությունների հարուստ փորձը: Նա կարևորել է Հայաստանում տարեցների խնամքին առնչվող խնդիրների լուծման, ցերեկային կենտրոնների գործունեության խթանման հարցում այդ փորձի և տեղեկատվության փոխանակումը:

«Մենք ցանկանում ենք զարգացնել և ընդլայնել տարեցներին մատուցվող ծառայությունների ոլորտը, այն դարձնել բազմազան և հետաքրքիր բիզնես տեսանկյունից: Տարեց մարդն իրավունք ունի պետությունից ստանալ պատշաճ ծառայություններ, որոնք կապահովեն նրա արժանապատիվ ծերությունը և կյանքը համայնքում»,- նշել է Զարուհի Բաթոյանը:

Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանն էլ իր հերթին ներկայացրել է Ամերիկայի միացյալ նահանգների փորձն ու հաջողությունները նշված ոլորտում և պատրաստակամություն է հայտնել տարբեր ձևաչափերով համագործակցելու: Նա խոսել է հիմնականում ցերեկային կենտրոնների և տնային պայմաններում իրականացվող խնամքի մասին: Մասնավորապես, այն կենտրոնների, որտեղ տարեցները լիարժեք անցկացնում են իրենց օրն ու ժամանակը, շփվում են տարեկիցների հետ և հասարակական ակտիվ կյանքով են ապրում։

Հանդիպման ընթացքում նախարարն ու քաղաքապետը խոսել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության և սոցիալական պաշտպանության այլ խնդիրների շուրջ:

Երկկողմ համագործակցության փոխհամաձայնություն է ձեռք բերվել տարեցների շուրջօրյա խնամքի հաստատությունների, ցերեկային կենտրոնների ստեղծման և տնային պայմաններում խնամվող տարեցներին մատուցվող ծառայությունների ոլորտում փորձի փոխանակման և որակի բարելավման շուրջ: