Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արսեն Մանուկյանն ու նախարարի տեղակալի պաշտոնակատար Արման Ուդումյանը փետրվարի 15-ին ընդունել են Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ներկայացուցիչներին:
Պատվիրակության անդամները ներկայացրել են այցի նպատակը, համագործակցության նոր ծրագրի հնարավոր շրջանակները՝ մասնավորապես աղքատության, եկամուտների անհավասարության կրճատման, գործազրկության հաղթահարման, աշխատատեղերի ստեղծման, միջին մասնագիտական կրթության և աշխատաշուկայում կանանց ներուժի օգտագործման ոլորտներում:
Նախարարության պատասխանատուներն էլ իրենց հերթին ներկայացրել են ՀՀ կառավարության ծրագրով հաստատված սոցիալական պաշտպանության ոլորտի առաջնահերթությունները, նոր նախաձեռնություններն ու իրականացվող աշխատանքները:
Նախարարի տեղակալի պաշտոնակատար Արման Ուդումյանը խոսել է զբաղվածության պետական ծրագրերի, մշակվող ռազմավարության և գործազրկության հաղթահարման հետ կապված անելիքների շուրջ: Նա հավաստել է, որ նախորդ զբաղվածության ռազմավարության գնահատման հիման վրա կմշակվի նոր փաստաթուղթ, որը կորդեգրի ավելի ընդգրկուն և հիմնարար մոտեցումներ՝ աշխատաշուկայում անմրցունակ անձանց ակտիվացման, Զբաղվածության պետական ծառայության աշխատակիցների մասնագիտական հմտությունների հետագա կատարելագործման և գործատուների հետ ավելի արդյունավետ համագործակցության հետ կապված:
Այնուհետև, նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արսեն Մանուկյանը գործընկերներին մանրամասնել է ընտանիքների անապահովության գնահատման համակարգի մեթոդաբանությունը, ընդգրկման մեխանիզմներն ու բնութագրիչները: Նա խոսել է նաև ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, այդ համակարգում սոցիալական աշխատողի դերակատարության կարևորության մասին: Անդրադարձել է ինտեգրված կենտրոնների բովանդակային և տեղեկատվական համակարգերի խնդիրներին և հավելել, որ նշված համակարգերում սպասվում են նոր նախաձեռնություններ, որոնք նպաստելու են մատուցվող ծառայությունների հասցեականության և որակի բարձրացմանը:
Հանդիպման ավարտին երկկողմ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համատեղ աշխատանքների վերաբերյալ: