ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը շարունակում է ընդունել օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին:
Փետրվարի 18-ին նախարարն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային:
Հանդիպման ընթացքում նախարար Բաթոյանը շնորհակալություն է հայտնել տիկին դեսպանին՝ արդեն կայացած և արդյունավետ համագործակցության համար, և նշել, որ հետագա փոխգործակցությունն առավել կարևոր է հատկապես աշխատանքային միգրացիայի և ծառայությունների մատուցման ոլորտում:
«Բոլորովին վերջերս ընդունվեց ՀՀ կառավարության ծրագիրը, որում առանցքային է աշխատանքի խրախուսումը: Մենք կարևորում ենք քաղաքացիների աշխատանքային հնարավորությունների ստեղծումը՝ որպես կայուն զարգացման հիմնաքար»,- նշել է նախարարը:
Նախարարը հատկապես առանձնացրել է Բուլղարիայի աջակցությամբ իրականացվող ծրագրերից մեկը՝ «Փոքր տուն» նախաձեռնությունը, որը, ըստ նախարարի, կարող է լավագույն այլընտրանք դառնալ մասնագիտացված մանկատների՝ հաշմանդամություն ունեցող սաների համար, ովքեր չափահաս դառնալուց հետո գնալու տեղ չունեն:
«Մեր քաղաքականությունն ուղղված է լինելու ամբողջական ապաինստիտուցիոնալացմանը: Մենք նաև համագործակցության նոր եզրեր ենք տեսնում ձեզ հետ՝ հաշվի առնելով այս ոլորտում Բուլղարիայի լավագույն փորձը»,- ասել է նախարար Բաթոյանը:
Դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևան կարևորել է 2018 թ. կնքված «Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև աշխատանքային միգրացիայի կարգավորման մասին» համաձայնագիրը, որը միտված է երկու պետությունների միջև աշխատանքային միգրացիայի արդյունավետ կարգավորմանը և աշխատանքային միգրանտների իրավունքների ու շահերի պաշտպանությանը:
Անդրադառնալով համագործակցության հնարավորությունների՝ դեսպանն ասել է. «Դեռ 1990-ականներին Բուլղարիայում ահռելի խնդիրներ կային՝ մանկատների և այլ հաստատությունների հետ կապված, բայց մեզ հաջողվեց այս տարիների ընթացքում հասնել ապաինստիտուցիոնալացման գրեթե 100 տոկոսանոց ցուցանիշի: Հաշվի առնելով այս հանգամանքը, ուրախ կլինենք մեր փորձն ու գիտելիքները կիսել մեր հայ գործընկերների հետ՝ աջակցելով սոցիալական ներառականությանն ուղղված քայլերին»: