ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ ալ-Էնեզիի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել Քուվեյթի Պետությանը համագործակցության համար՝ առանձնացնելով հատկապես խոցելի խմբերի աջակցությանն ուղղված ծրագրերի կարևորությունը»։
«Ցավով պետք է նշենք, որ Հայաստանում դեռևս կան մարդիկ, որոնք հաստատություններում գտնվելով՝ աջակցության և մեր անմիջական հոգածության կարիքն ունեն: Այս համատեքստում առանձնահատուկ կարևորություն ունի Քուվեյթի աջակցությունը «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատին», որտեղ տարեց անձինք են բնակվում, շատ կարևոր է՝ նրանց բավարար կենսամակարդակն ապահովելու համար»,- ասել է նախարարը:
Նա նաև նշել է, որ կառավարության ծրագրով խրախուսվում է մարդու անհատական ջանքի զարգացումը և աշխատանքի խրախուսումը, և հանձն առել աջակցել քաղաքացիներին՝ հատկապես այս ուղղությամբ:
Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ ալ-Էնեզին Հայաստանի հետ Քուվեյթի 8 տարիների համագործակցությունը սոցիալական ոլորտում որակել է որպես մարդակենտրոն և արդյունավետ, ինչպես նաև՝ աջակցության պատրաստակամություն հայտնել Կառավարության ծրագրում սահմանված նպատակների իրագործմանը։
«Քուվեյթի Պետության անունից ցանկանում եմ աջակցության պատրաստակամություն հայտնել՝ ձեր կողմից ստանձնված այս դժվարին պաշտոնում քաղաքացիների վստահությունն արդարացնելու գործում: Մենք վստահ ենք, որ համատեղ ջանքերի և փորձի փոխանակման շնորհիվ հնարավոր կլինի հասնել բոլոր այն նպատակներին, որ ամրագրված են ՀՀ կառավարության ծրագրում»,- ասել է դեսպանը:
Նա նաև ավելացրել է, որ Քուվեյթի Պետությունը պատրաստ է շարունակել իր աջակցությունը Հայաստանին, մասնավորապես՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերելով «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի» վերակառուցման համար:
Նախարար Բաթոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին և նշել, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքականությունն ուղղված է լինելու ամբողջական ապաինստիտուցիոնալացմանը, սակայն գործընթացը ժամանակատար է, ուստի այս պահին «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի» բնակիչների համար առաջնային կենցաղային պայմանների ապահովումը կարևոր նախաձեռնություն կլինի:
Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև աշխատանքային միգրացիան կարգավորող համաձայնագրի ստորագրման հնարավորության հարցը: Դեսպան ալ-Էնեզին պատրաստակամություն է հայտնել քննարկել առաջ քաշված բոլոր հարցերը և նախարարին փոխանցել Քուվեյթի Պետություն այցելության հրավերը: