«Որպես գերատեսչություն, որի անմիջական պարտավորություններ են նաև տարբեր խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությունը և հավասար հնարավորությունների ստեղծումը, շատ կարևորում ենք Ճապոնիայի կառավարության հետ համագործակցությամբ իրականացված ծրագրերը, որոնք ուղղված են հատկապես այն անձանց, որոնք աջակցության կարիք ունեն Հայաստանում», – այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ընդունելով Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային ասել է նախարար Զարուհի Բաթոյանը:
Նա նշել է, որ այսուհետ նախարարության քաղաքականությունը պետք է հիմնված լինի մարդու իրավունքների վրա: Նախարարը նշել է, որ այս մոտեցումը, ինչպես նաև՝ ծառայությունների հասանելիությունը, պետք է դրված լինեն պետության կողմից իրականացվող բոլոր ծրագրերի հիմքում:
«Մեզ համար շատ կարևոր է սոցիալական աջակցությանը, զբաղվածությանը և ծառայությունների հասանելիությանն ուղղված բոլոր ծրագրերի կապակցվածությունը, քանի որ մենք համոզված ենք, որ այդպիսով հնարավոր կլինի մարդկանց դուրս բերել կյանքի դժվարին իրավիճակներից»,- ասել է նախարարը:
Դեսպան Յամադան նշել է, որ Ճապոնիայում առանձնահատուկ վերաբերմունք ունեն սոցիալական պաշտպանության ոլորտի նկատմամբ: Դրան բաժին է հասնում երկրի պետական բյուջեի ամենամեծ հատվածը։
«Ծանոթ եմ ՀՀ կառավարության հնգամյա ծրագրին, և այն համարում եմ հավակնոտ և հեռանկարային: Այն փոփոխությունները, որոնց ուղղված քայլեր եք ձեռնարկում, շատ կարևոր են և բարդ: Բարդ են, քանի որ վերաբերում են հասարակության ամենախոցելի խմբերին, և կարևոր են՝ նույն պատճառով: Չնայած այդ բարդություններին, համոզված ենք, որ դրանք ձեզ հաջողվելու են, քանի որ Հայաստանն ունի մի մեծ առավելություն. Անգամ շատ տարբեր կարծիքներ ունենալով՝ հասարակությունը շատ միասնական է և կարողանում է համաձայնության գալ՝ իր համար կարևոր հարցերում: Սա լուրջ առավելություն է, որը թույլ կտա առավել արագ իրականացնել ծրագրված բարեփոխումները», – ասել է դեսպանը:
Նշենք, որ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում Ճապոնիայի հետ համագործակցությամբ 2013-2016 թթ.-ին իրականացվել է «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագիրը, որի շնորհիվ Երևանում և ՀՀ 5 մարզերում հաշմանդամություն ունեցող և անապահով անձինք վերապատրաստվելու կամ նոր մասնագիտություններ ձեռք բերելու հնարավորություն են ստացել: