ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հյուրընկալել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Փաստահավաք խմբի ներկայացուցիչներին: Խմբի համազեկուցող Յուլիա Լյովոչկինան տեղեկացրել է, որ այցի հիմնական նպատակը Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների իրականացման ընթացքի, նոր կառավարության ծրագրի և քաղաքական առաջնահերթությունների, ինչպես նաև՝ արդի քաղաքական զարգացումների վերաբերյալ համապարփակ տեղեկությունների հավաքագրումն է:
«Մեզ համար կարևոր էր այցելությունը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, քանի որ սոցիալական պաշտպանության ոլորտն իր վրա է կրում քաղաքական բոլոր փոփոխությունների ազդեցությունը: Բացի այդ՝ այս ոլորտի հիմնահարցերը նաև մեր ուշադրության կիզակետում են և անմիջականորեն կապված են ժողովրդավարության, մարդու իրավունքների և հավասար հնարավորությունների հետ: Սրանք նաև մեր կառույցի առաջնահերթություններն են», – ասել է նա:
Եվրոպացի գործիչներին հուզող հարցերից առաջինը վերաբերում էր գենդերային հավասարության հիմնախնդրին: Թեման որակելով որպես «խիստ զգայուն»՝ Յուլիա Լյովոչկինան տեղեկացրեց, որ հանդիպումներ են ունեցել նաև քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչների հետ, որոնք մատնանշել են գենդերային հավասարության վերաբերյալ ռազմավարական փաստաթղթի անհրաժեշտությունը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ թեման կարևոր է նաև նախարարության համար։
«Կանանց և տղամարդկան հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների վերաբերյալ համապարփակ, ռազմավարական փաստաթղթի գոյությունը մեր ուշադրության կենտրոնում է: Մի քանի օրից մենք հանրային քննարկում կունենանք այս թեմայով՝ բոլոր շահագրգիռ կազմակերպությունների և անհատների հետ՝ հաշվի առնելով քաղաքացիական հասարակության մտահոգությունները և արտացոլելով նրանց կոնկրետ առաջարկները այս փաստաթղթում: Իհարկե, նախարարությունն ունի իր սեփական առաջարկները, որոնք ևս կներկայացվեն հանրային քննարկմանը», – ասել է փոխնախարարը:
Անդրադառնալով ընտանեկան բռնության կանխարգելմանը և զոհերի աջակցությանն ուղղված ծրագրերին՝ տիկին Անդրեասյանը տեղեկցրել է, որ այս պահին գործող ծառայությունների ստեղծման անհրաժեշտություն կա, քանի որ գործող 6 կենտրոններին է վերապահվել ընտանեկան բռնության զոհերի սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման գործառույթը: Ըստ նրա՝ ոլորտում բարեփոխումներին ուղղված մի շարք օրենսդրական նախաձեռնություններ մշակման փուլում են: Փոխնախարարը շեշտել է, որ օրենսդրական բոլոր նախաձեռնությունների հիմքում մարդու իրավունքներն են, իսկ նախարարության մոտեցումը այդ հարցում համակարգային է:
Առաքելության ներկայացուցիչները անդրադարձել են նաև խտրականության դեմ ուղղված օրենսդրական բարեփոխումներին: Նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը նշել է, որ նախարարության մոտեցումն այդ հարցում անբեկանելի է՝ խտրականության կամայական դրսևորում պետք է բացառվի: