Նախարար Զարուհի Բաթոյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճում

0
646

Հարգելի տիկին նախագահող,

Մեծարգո պատվիրակներ,

Տիկնայք և պարոնայք,

«Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովում՝ մի կառույց, որը ստեղծված է՝ հանուն «գենդերային հավասարության խթանման և կանանց հզորացման»:

Անձամբ ինձ համար սա նաև խորհրդանշական առիթ է, քանի որ 12 տարի առաջ՝ մարտին, որպես հաշմանդամություն ունեցող երիտասարդ կին, պատիվ եմ ունեցել ներկա գտնվելու Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի ստորագրման արարողությանը: Այդ օրը իմ երկիրը ստորագրեց 21-րդ դարի՝ մարդու իրավունքների առաջին պայմանագիրը՝ ընդգծելով մտահոգությունները, որոնք վերաբերում են աշխարհի տարբեր անկյուններում ապրող հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկներին։

Որպես ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 64-րդ նստաշրջանի անդամ՝ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ աջակցելու գենդերային հավասարության, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում կանանց հնարավորությունների խթանման և հզորացման համընդհանուր ջանքերին և իր կառուցողական ներդրումն ունենալու Հանձնաժողովի աշխատանքներում:

Տիկնայք և պարոնայք,

Նախորդ տարի՝ գարնանը, աշխարհը ականատես եղավ Հայաստանում տեղի ունեցող պատմական փոփոխությունների, որոնք միջազգային հանրության և լրատվամիջոցների ուշադրությունը սևեռեցին Հայաստանի վրա: Ամբողջ աշխարհի հայերը միավորվեցին Սիրո և համերաշխության ժողովրդական հեղափոխության շուրջ, որը բերեց իշխանության խաղաղ անցման: Կանայք և տղամարդիկ, երիտասարդ և տարեց անձինք միավորվեցին՝ ժողովրդավարական փոփոխությունների միասնական պահանջով և համերաշխություն հայտնեցին հեղափոխությանը:

Շատ կանայք, որոնք չէին կարողանում դուրս գալ տանից, բայց ցանկանում էին մասնակցել գործընթացներին, իրենց տների պատուհաններից շերեփները հարվածում էին կաթսաներին, որի ձայնը կարելի է բնութագրել որպես ներառականության և միասնականության ուժի հնչեղություն: Հայաստանի կանայք, այդ թվում՝ երիտասարդ կանայք, հեղափոխության շարժիչ ուժն էին՝ միևնույն ժամանակ լինելով ամբողջ գործընթացի խաղաղության երաշխավորը։

Հարգելի՛ ընկերներ,

Տարիներ շարունակ որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ակտիվիստ, ես պայքարել եմ խտրականության դեմ, կանանց և փոքրամասնությունների հավասար հնարավորությունների, ինչպես նաև՝ մեր հասարակություններում արժանապատիվ տեղ ունենալու համար:

Այսօր, որպես որոշում կայացնող, որպես կառավարության անդամ, կարող եմ հայտարարել, որ մարդու իրավունքները և մարդկային արժանապատվությունը իմ երկրում տեղի ունեցող բոլոր փոփոխությունների հիմքում են:

Հայաստանի նոր կառավարությունը տարբեր առիթներով հայտարարել է, որ մտադիր է խրախուսել երկրում կանանց քաղաքական մասնակցությունը և որոշումների կայացման գործընթացում նրանց ներգրավվածության ավելացումը՝ ոչ միայն ժողովրդավարության, այլև՝ երկրում կայուն զարգացման հասնելու համար:

Հայաստանը շարունակում է լուրջ քայլեր ձեռնարկել գենդերային հավասարության ապահովման և կանանց նկատմամբ բռնության վերացման ուղղությամբ: Հայաստանը վավերացրել է գենդերային հարցերին առնչվող միջազգային հիմնական գործիքները: Որպես ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի անդամ՝ Հայաստանը ստանձնել է որոշակի պարտավորություններ` համապատասխանեցնելու ազգային օրենսդրությունը՝ միջազգային դրույթների հետ: 2018-ին Հայաստանը ստորագրեց Եվրոպայի խորհրդի կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան։

Կառավարության քաղաքականությունն ու ձեռնարկվող բարեփոխումները համահունչ են ՄԱԿ-ի Կայուն զարգացման 2030թ. օրակարգին և նպաստում են Կայուն զարգացման նպատակների իրագործմանը, մասնավորապես՝ 5-րդ նպատակի, որը սահմանում է «Հասնել գենդերային հավասարության և հզորացնել բոլոր կանանց և աղջիկներին»:

Տիկնայք և պարոնայք,

թույլ տվեք ավարտել ելույթս՝  բոլորիս մաղթելով  արդյունավետ աշխատանք և կառուցողական քննարկումներ, որոնք ուղղված կլինեն աշխարհի բոլոր անկյուններում ապրող կանանց և աղջիկների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցողների, կյանքի բարելավմանը և նրանց նկատմամբ խտրականության վերացմանն ուղղված համընդհանուր ջանքերին:

Շնորհակալություն: