«Մենք ծանր ոլորտի շատ լուսավոր ներկայացուցիչներ ենք, որովհետև անհնար է՝ այս ոլորտում աշխատի մի մարդ, որն իր հոգում լույս չունենա։ Դրա համար էլ մենք մի քանի տոն ունենք՝ մեկը մարտի 3-րդ երեքշաբթին՝ սոցիալական աշխատողների համաշխարհային օրը, ամբողջ մարտ ամիսը՝ որպես սոցիալական աշխատանքի և աշխատողի ամիս, և նոյեմբերի 4-ը՝ որպես Հայաստանում հայտարարված մասնագիտական տոն»,- այսպես սկսեց իր ողջույնի խոսքը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը՝ ՀՊՄՀ-ում սոցիալական աշխատողի համաշխարհային օրվա առիթով կազմակերպված «Սոցիալական աշխատանքը փոխակերպվող հասարակությունում. զարգացման հեռանկարները» կոնֆերանսի ընթացքում։
Խոսելով սոցիալական աշխատանքի կարևորության մասին՝ տիկին Մինասյանը վիճակագրական տվյալներ ներկայացրեց. մեր երկրում 26,5 տոկոս աղքատություն կա․ «Ընդհանուր առմամբ սոցիալական խնդիրներ ունեցող բնակչության թիվը գերազանցում է 50 տոկոսը, բայց սոցիալական կարիք մենք ճանաչում ենք այն դեպքերում, երբ ընտանիքում կան սոցիալական խնդիրներ և չկան ռեսուրսներ՝ այդ խնդիրների լուծման համար․ այստեղ է, որ սոցիալական աշխատողը ծավալում է իր գործունեությունը»։
Սոցիալական աշխատանքի նպատակայնության և արդյունավետության համար կարևոր է, որպեսզի աշխատողն ունենա համապատասխան գիտելիք։ Տիկին Մինասյանն ուրախությամբ նշեց, որ այսօր արդեն Հայաստանում 5 տարբեր բուհեր պատրաստում են սոցիալական աշխատողներ, և հույս հայտնեց, որ այս թիվը կավելանա։
Սոցիալական աշխատողների պրոֆեսիոնալիզմի կարևորումը նաև իրավական ձևակերպում է ստանում։ Տիկին Մինասյանը հիշեցրեց, որ Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն արդեն 1 տարուց ավելի է՝ շրջանառության մեջ է դրել «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, նախատեսվում է ևս մեկ անգամ կազմակերպել հանրային քննարկում՝ նախագիծը լրամշակելու համար։
Սոցիալական աշխատողները գործ ունեն գրեթե բոլոր ոլորտների հետ՝ դպրոցներ, Ոստիկանություն, առողջապահական համակարգ, Արդարադատության նախարարության պրոբացիոն ծառայություն, դատական համակարգ, ՏԻՄ-եր և այլն, հետևաբար՝ անհրաժեշտ է սոցիալական աշխատողի պրոֆեսիոնալիզմը կարևորել օրենքի մակարդակով և ծառայությունները տարածել ամբողջ հանրապետությունում։