Շահառուների մի մասն ընտանեկան նպաստը կստանա արդեն վաղը, մյուս բոլորը՝ հաջորդ շաբաթվա ընթացքում

0
1140

Հայաստանի Հանրապետությունում գործող 55 սոցիալական աջակցություն տրամադրող տարածքային բաժիններից շատերում, այդ թվում Երևանի բաժիններում, ընտանեկան նպաստների համար ֆինանսական հատկացումն արդեն արվել է, վճարումները կմեկնարկեն վաղը: Մյուս բոլոր շահառուները ընտանեկան նպաստը կստանան հաջորդ շաբաթվա ընթացքում:

Նպաստների հատկացման ժամանակացույցում տեղ գտած ուշացումները պայմանավորված են, հիմնականում, տեխնիկական խնդիրներով: Բանն այն է, որ ֆինանսական մի շարք գործարքներ, այդ թվում նաև նպաստների վճարումը կատարվում է Client treasury համակարգի միջոցով: Այսուհետ, այս համակարգով ֆինանսական գործարք կատարելու համար պարտադիր է նույնականացման քարտի և էլեկտրոնային ստորագրության առկայությունը: Նույնականացման քարտը տրամադրվում է 21 օրվա ընթացքում. որոշ դեպքերում պատասխանատուները չունեն նույնականացման քարտ, որոշ դեպքերում էլ՝ հապաղում կա էլեկտրոնային ստորագրության ակտիվացման հարցում:

Մինչև 2019 թ. մարտի 25-ը համակարգն աշխատել է նախկին գործիքակազմով: Դրանից հետո այն դադարել է գործել, և անհրաժեշտություն է առաջացել գործարկել էլեկտրոնային ստորագրությունը:

Առաջացած տեխնիկական խնդիրներն արդեն լուծվում են: Մյուս շաբաթվա ընթացքում խնդիրը կարգավորված կլինի ՀՀ ողջ տարածքում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայցում է իր բոլոր շահառուների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար: