ԱՄԷ-ի հետ համագործակցության լայն հնարավորություններ կան. Զարուհի Բաթոյան

0
227

«Արաբական Միացյալ Էմիրությունները պատրաստ են աջակցել ՀՀ կառավարությանը՝ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բոլոր ծրագրերի ընթացքում, հատկապես նրանց, որոնք ուղղված են կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանը, նրանց կյանքի որակի բարելավմանը, նրանց համար առավել բարենպաստ կենսապայմանների ապահովմանը, աղքատության հաղթահարմանը»,- այս մասին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում ԱՄԷ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մուհամեդ ԱլԶաաբին:

Նա տեղեկացրել է, որ ԱՄԷ-ն տարբեր ոլորտներում կանանց ներգրավվածության լավ փորձ ունի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրի խորհրդարանում կանանց քաղաքական ներկայացվածությունը կազմում է 50 %:

Նախարար Բաթոյանը նշել է, որ բարձր է գնահատում հարևան պետության նմանօրինակ պատրաստակամությունը.

«Չնայած այն հանգամանքին, որ մեր երկրների միջև սոցիալական պաշտպանության ոլորտում շատ հարուստ փորձառություն չունենք, հույս ունեմ, որ կարող ենք այն նոր մակարդակի հասցնել՝ հիմքում ունենալով երկկողմ պատրաստակամությունը»,- ասել է նա:

Դեսպանը տեղեկացրել է, որ արդեն իսկ հասցրել են լինել հաշմանդամություն ունեցող երեխաների «Լուսե» վերականգնողական կենտրոնում, իսկ առաջիկայում նախատեսում են այցելել Գյումրի.

«ԱՄԷ-ը՝ Սաուդյան Արաբիայի հետ միասին, արտաքին աջակցության ծրագրերի իրականացման ցուցանիշով առաջին տեղն են զբաղեցնում աշխարհում: Մենք ամենուր փնտրում ենք աջակցության կարիք ունեցող մարդկանց և օգնում նրանց: Ուրախ կլինենք, եթե կարողանանք նման ծրագրեր իրականացնել նաև Հայաստանում՝ շեշտը դնելով հատկապես Երևանից դուրս ապրողների վրա»,- ասել է դեսպանը:

Նախարար Բաթոյանը նշել է, որ առաջիկայում նախարարության կողմից ԱՄԷ-ի հետ համագործակցության հնարավոր ծրագրերի շրջանակ կձևավորվի, որը կներկայացվի քննարկման: