Քաղաքացիների ընդունելություն

0
98

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գ. Պետրոսյանը հուլիսի 28-ին ընդունված կարգով կատարեց քաղաքացիների ընդունելություն: Հերթագրված 26 քաղաքացիներից ներկայացել էին 24-ը: Դիմումները հիմնականում վերաբերվում էին դրամական օգնություն տրամադրելու, ավանդների փոխհատուցման, հաշմանդամության խմբերի վերանայման, աշխատանքի տեղավորման, ընտանեկան նպաստի սխալ վճարված գումարների հետգանձման, կենսաթոշակների վերահաշվարկի հարցերին: Կար նաև նախաձեռնություն` բազմազավակ ընտանիքների մասին առանձին օրենք ընդունելու վերաբերյալ:
Խնդիրների մեծ մասը պահանջում էր լրացուցիչ ուսումնասիրություն և մասնագետների հետ մանրամասնորեն քննարկվելուց հետո յուրաքանչյուր հարցի համար նախարարի կողմից տրվեց հստակ հանձնարարական` հնարավորինս կարճ ժամկետում լուծումներ գտնել և զեկուցել: Դիմողների մեջ մեծ թիվ էին կազմում ավանդների փոխհատուցում պահանջողները, որոնք, իմանալով, որ այդ իրավունքը չունեն, ցանկանում էին բացառության կարգով ստանալ:
Նախարարությունը մեկ անգամ ևս տեղեկացնում է. ավանդների փոխհատուցման ծրագրից կարող են օգտվել այն քաղաքացիները, ովքեր 2005թ. հուլիսի 1-ից մինչև 2006թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակաշրջանում ունեցել են անընդմեջ ընտանեկան նպաստի իրավունք և 2006թ. ապրիլի 12-ից մայիսի 12-ը հաշվառվել են իրենց բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններում:
Ցուցակում չընդգրկված մնացած բոլոր ավանդատուների նոր հաշվառման որևէ ժամկետ նախատեսված չէ:
Հիշեցնենք նաև, որ այս ծրագիրն ավանդների վերադարձ չէ, այն չի վերաբերում բոլոր ավանդատուներին, քանի որ նրանք ոչ բոլորն են սոցիալապես անապահով կամ աղքատ: