ՄԱԿ-ն իր կառույցներով պատրաստ է շարունակել սերտորեն համագործակցել նախարարության հետ. Շոմբի Շարփ

0
196

«Մեր գործունեությունն այնքան շատ կետերում է հատվում, որ մեր համագործակցությունը վերածվել է ամենօրյա աշխատանքային հարաբերությունների, ինչի համար մենք շատ ուրախ ենք: Ոգևորիչ է ձեր սերտ աշխատանքը իր 100-ամյա հոբելյանն այս օրերին Հայաստանում տոնող Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ, ինչի արդյունքը «Արժանապատիվ Հայաստան» ազգային ծրագրի ստորագրումն էր, ինչպես նաև՝ ձեր գլխավորությամբ մեկնարկած ապշեցուցիչ այն ծրագիրը, որն ուղղված է ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը և, որը կրկին իրականացնում եք ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համատեղ»,- այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ասել է ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը:

Նա ուրախությամբ նշել է, որ ՄԱԿ-ն իր կառույցներով պատրաստ է շարունակել սերտորեն համագործակցել նախարարության հետ՝ նախատեսվող միջոցառումներն ու բարեփոխումներն առաջ մղելու նպատակով:

Նախարար Բաթոյանի հետ հանդիպման հիմնական նպատակը ՄԱԿ-ի զարգացման համակարգում 2019 թ. հունվարի 1-ից մեկնարկած բարեփոխումների գործընթացի վերաբերյալ մանրամասների ներկայացումն էր: Շ. Շարփը տեղեկացրեց, որ բարեփոխումների գործընթացով ՄԱԿ-ի ամբողջ զարգացման համակարգի կառուցվածքը, կառավարումը, հաշվետվողականության մեխանիզմները և հնարավորությունները նշանակալի փոփոխություններ կկրեն՝ ապահովելով ազգային կարիքների բավարարումը ոչ միայն Կայուն զարգացման նպատակների իրականացման, այլև 2015 թ. Փարիզյան համաձայնագրի շրջանակներում կլիմայի փոփոխության վերաբերյալ ստանձնած պարտավորությունների մասով։

«Ուրախ եմ, որ մենք կիսում ենք նույն արժեքները, որի հիմքում մարդն է: Ինչպես դուք իրավացիորեն նշեցիք, մեր համագործակցությունն այնքան սերտ է դարձել, որ վերածվել է ամենօրյա հաճախականությամբ հանդիպումների: Դժվար է ասել՝ մենք ենք դարձել ՄԱԿ-ի մեծ ընտանիքի անդամ, թե ՄԱԿ-ի մեր գործընկերները՝ նախարարության մի մաս: Ամեն դեպքում, սա գործընկերություն է՝ հանուն մարդու և պետության»,- ասել է նախարարը:

Հանդիպմանը ներկա էր նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

«Վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները չափազանց մտահոգիչ են: Հասարակական նման բևեռացումների ժամանակ շատ կարևոր է դառնում որոշում կայացնողների խիզախությունը: Այս իմաստով ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Ձեզ, տիկին նախարար, Ձեր անհատական քաջության համար, որի հիմքում մարդու և երեխաների իրավունքի պաշտպանության գաղափարի անսասանությունն է»,– ասել է նա:

Նշենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՄԱԿ-ի հետ համագործակցում է 8 հիմնական ուղղությունով՝ երեխաների պաշտպանություն, Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման և սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացում, ընտանիքի և կանանց հիմնահարցերի ոլորտ, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հիմնահարցեր, ժողովրդագրություն, միգրացիա, փախստականների հիմնախնդիրներ, ինչպես նաև՝ աշխատանքի և զբաղվածության, սոցիալական գործընկերության ամրապնդում: