ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի Խարբերդի մասնագիտացված մանկատունը ստեղծվել է 1950թ. որպես սոցիալբուժառողջապահական հաստատություն, որտեղ իրականացվում են կենտրոնական նյարդային համակարգի օրգանական և ֆունկցիոնալ ախտահարումներ, բնածին ու ձեռքբերովի ֆիզիկական արատներ ունեցող 6 տարեկանից բարձր հաշմանդամ երեխաների շուրջօրյա խնամքը: Ներկայում մանկատանը խնամվում է 273 սան:
Օգոստոսի 15-ին մանկատանը տեղի ունեցավ ուսումնական տարհանում, որը նախապես համաձայնեցված էր արտակարգ իրավիճակների վարչության Արարատի մարզի պատասխանատուների հետ: Պարբերաբար անցկացվող այս միջոցառման նպատակը մանկատան աշխատակիցներին նախապես տրված համապատասխան գիտելիքների ստուգումն է ու ամրապնդումը: Չնայած որ մանկատան տարածքը ոչ լիարժեք է համապատասխանում արտակարգ իրավիճակներից դուրս գալու չափանիշներին, այնուամենայնիվ, աշխատակիցները կարողացան սահմանված ժամանակահատվածում /8-10 րոպե/ մասնաշենքերից դուրս բերել բոլոր սաներին: Միջոցառմանը մասնակցում էին նախարարության աշխատակիցներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, հյուրեր, ծնողներ:
“Տարհանումից” հետո միջոցառման պատվավոր հյուրը` Մարմարաշենի եկեղեցու տերհայր Թաթուլը օրհնեց մանկատան տարածքում աճեցված խաղողը: Օգոստոսի 16-ին Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին տոնում է իր տաղավար տոներից մեկը` Սուրբ Աստվածածնի տոնը, որը ուղեկցվում է տարվա բերքի օրհնությամբ` մասնավորապես խաղողի: Տերհայրը նախապես հավաքած խաղողը օրհնելով` իր քահանայական օրհնությունը տվեց նաև մանկատան երեխաներին, աշխատակիցներին, միջոցառման մասնակիցներին: Օրհնված խաղողը բաժանվեց ներկա գտնվողներին: Այնուհետև մանկատան սաները իրենց երգ ու պարով ուրախացրեցին մասնակիցներին:
Նմանատիպ միջոցառումները ևս մեկ անգամ հաստատում են, որ մանկատանը խնամվող երեխաները նույնպես մեր հասարակության լիարժեք անդամներն են, որոնք կարիք ունեն մարդկային ջերմության, խնամքի և հոգածության: