«Ինձ համար շատ կարևոր է մեր համագործակցությունը, հատկապես հաշվի առնելով այն ահռելի աշխատանքը, որ իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ կողմից երեխաների իրավունքների պաշտպանության և նրանց սոցիալական ներառման ոլորտում: Այս համատեքստում մեզ համար առանձնահատուկ կարևորություն ունեն ապաինստիտուցիոնալացմանն ուղղված ծրագրերը, որովհետև երեխայի՝ համայնքում ապրելու իրավունքը Կառավարության առաջնահերթություններից է»,- այս մասին Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ առաքելության ղեկավար Դեբորա Գրիզերի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
ԱՄՆ ՄԶԳ առաքելության ղեկավարը նշել է, որ տեղյակ է նախարարության առաջնահերթությունների վերաբերյալ, որոնք ուղղված են գենդերային հիմքով խտրականության բացառմանը, կանանց տնտեսական մասնակցության խրախուսմանը և երեխաների իրավունքների պաշտպանությանը: Ըստ Դեբորա Գրիզերի՝ հարցերի այս շրջանակն այն առանցքն է, որի շուրջ արդյունավետ համագործակցություն կարող է կառուցվել.«Ամեն 5 տարին մեկ անգամ ԱՄՆ ՄԶԳ-ն վերանայում է իր գործունեության ռազմավարական ուղղությունները: Վերջին անգամ դրանք վերանայվել են 2013 թ.: Հեղափոխությունից հետո մենք որոշեցինք փոքր-ինչ սպասել՝ մեր հետագա գործունեության ուղղությունները հստակեցնելու համար: ԱՄՆ ՄԶԳ-ն արդեն իսկ ձեռնարկել է մի շարք հետազոտություններ, որոնց արդյունքները որոշիչ կդառնան ռազմավարական ուղղությունների հստակեցման համար: Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունենք քննարկելու դրանք միակ կին նախարարի հետ, որովհետև դրանց հիմքում նաև գենդերային հավասարությունն է»,- ասել է Դ. Գրիզերը:
Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ վերանայվում են նախարարության գործունեության ոլորտային ռազմավարությունները, որոնց մշակման հարցում սերտ համագործակցություն է ձևավորվել փորձագիտական հանրույթի և հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ, սակայն միջազգային գործընկերների մասնակցությունը ևս չափազանց կարևոր է.
«Մեզ համար կարևոր է, որ վերանայվող կամ նոր ստեղծվող ռազմավարությունները համապատասխանեն Հայաստանի կողմից ստանձնված միջազգային պարտավորությունների և մարդու իրավունքների տրամաբանությանը: Ուրախ ենք ի դեմս Ձեզ տեսնել, որ համախոհներ ունենք միջազգային հեղինակավոր կառույցներում, որոնք կիսում են մեր արժեքները»,- ասել է նախարարը: