«Այժմ վերանայում ենք աղքատության կրճատման և ծայրահեղ աղքատության վերացմանն ուղղված մեր քաղաքականությունը, նաև սոցիալական աջակցության, ընտանեկան նպաստի տրամադրման համակարգը՝ կառավարության հետ համատեղ ստեղծված աշխատանքային խմբով։ Այս բոլոր փոփոխություններն ուղղված են կարիքի գնահատման գործընթացը բարելավելուն և դրան ուղղված աջակցությունն ավելի հասցեական դարձնելուն»,- այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Ելենա Միլոշևիչի հետ հանդիպման ժամանակ ասել է նախարար Զարուհի Բաթոյանը։
Նախարարը նշել է, որ այս գործում խիստ արժեքավոր է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը, որպեսզի կարիքի գնահատման գործընթացն իրականացվի միջազգային չափորոշիչների և աղքատության բազմաչափ գնահատման հիմքի վրա․ «Կարևորում ենք նաև միջգերատեսչական համագործակցությունը՝ հատկապես աղքատության հաղթահարման գործընթացում։ Եվ այս իմաստով, մենք նաև սննդի անվտանգության և սոցիալական պաշտպանության ոլորտի առաջամարտիկն ենք կառավարության կազմում՝ փորձելով խնդիրը տեսանելի դարձնել քաղաքականության բոլոր ոլորտներում»։
ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ղեկավարը ներկայացրել է կառույցի 2019-24 թթ. ռազմավարությունը՝ շեշտադրելով Հայաստանում պարենային անապահովության, թերսնուցման և աղքատության հաղթահարմանն ուղղված ծրագրերը, նաև սննդի արժեշղթաների, դպրոցական սննդի և սնուցման բաղադրիչների ապահովումը։ Ելենա Միլոշևիչը հավաստիացրել է, որ կազմակերպության ռազմավարությունը լիովին համապատասխանում է կառավարության ներկայացրած առաջնահերթություններին և, վստահաբար, արդյունավետ համագործակցությունը շոշափելի փոփոխություններ կարձանագրի ոլորտում։
«Սովի հաղթահարման ուղղությամբ փորձում ենք փոխել մոտեցումը։ Փորձում ենք առաջ տանել այն օրակարգը, որ սննդի առկայությունը դեռևս չի կարելի համարել խնդրի կարգավորում։ Եվ պարենային աղքատության հիմնախնդրին մոտենում ենք առողջ կենսաապահովման նվազագույն զամբյուղի տեսանկյունից՝ փորձելով տարբեակել դրանք նաև տարբեր տարիքային խմբերի համար»,- ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
Ժաննա Անդրեասյանը նաև կարևորել է «Նպաստ պլյուս» ծրագրի շրջանակում իրականացվող արդյունավետ համագործակցությունը, «որն այն հաջողված օրինակն է, թե ինչպես է նախարարության սոցիալական աջակցության համակարգն աշխատում հավելյալ աջակցության հետ»։
Նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրել է ոլորտային խնդիրները, բայցև կարևորել խնդիրներին առերեսվելու ու լուծման տարբերակներ մշակելու պատրաստակամությունը։ «Ձեր ունեցած փորձը շատ կարևոր է և շատ լուրջ հիմք է լինելու բարեփոխումների համար։ Այստեղ ևս օգտակար կլինի միջազգային փորձն ու միջազգային գործընկերների աջակցությունը»,- նշել է նախարարը։