Կանանց զբաղվածության ծրագրերը մեծ կարևորություն ունեն աղքատության հաղթահարման մեր տեսլականում․ Արման Ուդումյան

0
422

«Կանանց զբաղվածության ծրագրերը նախարարության ռազմավարության մեջ մեծ կարևորություն ունեն և դրանք ևս ներառված կլինեն առաջիկա հանրային քննարկումներում»,- այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը՝ «Օքսեջեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանության և զբաղվածության ոլորտի վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումների իրականացումը։ Ըստ այդմ, նախարարությունն «Օքսեջենի» աջակցությամբ նախատեսում է իրականացնել հանրային քննարկումներ՝ զբաղվածության պետական ծրագրերի, նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների ու լրացումների վերաբերյալ՝ Երևանում և մարզերում (Տավուշ, Շիրակ)։ Նախատեսվում է նաև փորձագետների օգնությամբ հավաքագրել, մշակել և ամբողջացնել առաջարկներն ու խնդիրները։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանն առաջարկել է հատկապես մարզային հանդիպումների առանցքում դիտարկել զբաղվածության ծրագրերի ներկայացումը։ Նա կարևորել է նոր գաղափարների ու առաջարկների ձևավորումը հանրային քննարկումների շրջանակում, որոնք հետագայում կարող են տեղ գտնել նաև Աշխատանքային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններում։

Իրականացվելիք հանրային իրազեկման միջոցառումների շարքում ծրագրվել է նաև աշխատանքային իրավունքների հիմնական դրույթների և պաշտպանության առկա մեխանիզմների վերաբերյալ սոցիալական անիմացիոն հոլովակների պատրաստումը, ինչպես նաև՝ փորձագիտական քննարկումների իրականացումը Երևանի և մարզերի մամուլի ակումբներում։