«Սոցիալական շտապօգնության համակարգի ներդրման գաղափարը քննարկվել է դեռևս նախորդ տարիներին, բայց այժմ գործընթացի տրամաբանական ավարտին ենք հասել: Այս համակարգի հիմնական նպատակը, ըստ էության, հրատապ օգնության կարիքների համակարգված հավաքագրումն ու արձագանքումն է: Այն ենթադրում է ապակենտրոն աշխատանք, այսինքն՝ պետք է ունենանք սերտ ներգրավվածություն՝ թե՛ տարածքային մարմինների, թե՛ գործող հասարակական կազմակերպությունների կողմից, որպեսզի շատ ավելի արդյունավետ ու հասցեական կարողանանք կարգավորել բոլոր խնդիրները»,– այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ:
Փոխնախարարը նշել է, որ ստեղծվելու է մի հարթակ, որտեղ ենթադրվում է սերտ համագործակցություն պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների ու անհատների միջև և որտեղ հնարավոր կլինի քաղաքացիների կարիքներն ամբողջությամբ, համակարգված հասցեագրել.
«Բուն գործընթացը պատկերացնում ենք տարբեր կազմակերպությունների և անձանց ներգրավմամբ, իսկ տրվող աջակցությունը՝ ավելի համակարգված ձևով, որպեսզի ունենանք և՛ համաչափ բաշխում, և՛ կարիքների համաչափ հասցեագրում տարբեր բնակավայրերում: Սա կօգնի նաև արմատավորել փոխօգնության մշակույթը նաև համայնքային մակարդակում, որը շատ կարևոր եմ համարում»:
Նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը տեղեկացրել է, որ գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ նախատեսվում է օգտագործման պիտանի մթերքի և այլ բնաիրային օգնության (օրինակ՝ կահույք, հագուստ) հավաքագրում, որը կբավարարի սահմանված անվտանգության չափանիշները.
«Նախատեսել ենք ժամանակ առ ժամանակ որոշակի ծրագրեր իրականացնել նաև այն սահմանամերձ բնակավայրերում, որոնք մարտական գործողությունների հետևանքով սոցիալական ոլորտում որոշակի ռիսկեր ունեն»,– հավելել է Ա. Մինասյանը:
Պատասխանելով հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ իրենց մասնակցության և գործառույթների վերաբերյալ հարցին, փոխնախարարը տեղեկացրել է, որ ծրագրում ներգրավվելիք կազմակերպությունները պետք է ցանկություն հայտնեն մասնակցելու աշխատանքներին, գրանցվեն, որից հետո հետագա գործողությունները կհամակարգվեն հարթակում:
Իսկ համակարգի գործունեության վերահսկման ապահովման հարցի վերաբերյալ Ժ. Անդրեասյանը նշել է, որ նախատեսվում է համակարգումը պատվիրակել որպես առանձին գործառույթ. «Ունենալու ենք առնվազն հինգ հոգի, որոնց հիմնական գործունեությունը և աշխատանքը լինելու է սոցիալական շտապօգնության համակարգի գործարկումն ու վերահսկողությունը: Երբ համակարգը կզարգանա և իսկապես կդառնա փոխօգնության մշակույթ, նախարարության մասնակցությունը այլևս չի պահանջվի: Մենք ուղղակի հարթակը կհամակարգենք, որպեսզի մարդիկ կարողանան տեղեկատվության փոխանցում իրականացնել և կկարողանանք ուղղորդել այն կազմակերպություններին, որոնք ուզում են որոշակի աջակցություն ցուցաբերել անհատներին… Ու քանի որ կա համակարգում և որակական նվազագույն պահանջներ, օրինակ՝ սննդամթերքի, բնաիրային օգնության և ծառայությունների վերաբերյալ, մենք նաև կերաշխավորենք, որ այդ աջակցությունը սահմանված մակարդակից ներքև չլինի: Այսինքն՝ պետությունը պետք է համակարգի և երաշխավորի նվազագույն որակակական չափանիշները»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: