«Նախարարության համակարգում գործող տուն-ինտերնատներում մեկ շահառուի խնամքի օրվա ծախսը միջինում կազմում է 3700 դրամ». Գեմաֆին Գասպարյան

0
319

«Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում կա շուրջօրյա խնամք իրականացնող 12 հաստատություն (տուն-ինտերնատ, խնամքի կենտրոն, խնամքի տուն), որոնցից միայն 7-ն է ոչ պետական: Դրանցում բնակվում է շուրջ 1390 տարեց: Նախարարության համակարգում գործող տուն-ինտերնատներում մեկ շահառուի խնամքի մեկ օրվա ծախսը միջինում կազմում է 3700 դրամ»,- այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը՝ «Տարեցների խնամքի ապաինստիտուցիոնալացման և այլընտրանքային համայնքային ծառայությունների զարգացման հայեցակարգային ուղղությունները» նախագծի հանրային քննարկման ժամանակ։

Նախարարի առաջին տեղակալը կարևորել է խնամքի ինստիտուցիոնալ ծառայություններից դեպի համայնքային աստիճանաբար անցման ապահովումը։ Շուրջօրյա խնամք իրականացնող մեծ հաստատությունները, ցավոք, տարեցների հիմնախնդիրների լուծման լավագույն տարբերակը չեն և նրանց համար նախատեսվող ծառայությունների նոր մոդելների ներդրման անհրաժեշտություն կա։

Հայեցակարգի սկզբունքների մասին խոսելիս՝ պարոն Գասպարյանը շեշտադրել է համայնքային ծառայությունների հասանելիության և թափանցիկության ապահովումը, կամավորության սկզբունքի պահպանումը«Տարեցները կամավորության սկզբունքով պետք է ընտրեն այն ծառայությունները, որոնցից օգտվելու են։ Սակայն պետք է այնպես անենք, որ մարդիկ նախ՝ տեղեկացված լինեն, և ապա այդ ծառայություններն այնքան լավը լինեն, որ մարդիկ ցանկանան օգտվել։ Իսկ համայնքային ծառայությունների տրամադրման հարցում ցանկացած խտրականության բացառումը նախարարության որդեգրած ամենակարևոր սկզբունքներից է»։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է գործարկվելիք նոր ծառայությունների տեսակները։ Ըստ այդմ, նախատեսվում է հիմնել տարեցների խնամքի համայնքային փոքր տուն (պանսիոն)՝ նպատակ ունենալով նպաստել տարեցների ակտիվ ապրելակերպի, սոցիալականացման և շարունակական կրթության ապահովմանն ու հասարակական ակտիվության բարձրացմանը։ Արժևորվել է նաև տարբեր ուղղվածության սոցիալական բնակարանների, տարեցների համար հատուկ հոսպիսային ծառայությունների հիմնման գաղափարը։

«Տարեցների ակտիվ ժամանցի և մշակութային կյանքի կազմակերպման ակումբ-ցերեկային կենտրոնները որոշակի տնտեսական հնարավորություններ ունեցող տարեցների համար են նախատեսվում, ովքեր ցանկանում են շարունակել ակտիվ, իմաստալից կյանքը` շփվելով տարբեր մարդկանց հետ, ճամփորդելով, հաղորդակցվելով պատմական և մշակութային արժեքների հետ: Իսկ ակտիվ երկարակեցության և առողջ ապրելակերպի դպրոցակումբը նախատեսված է ակտիվ կենսակերպ վարող տարեցների համար, ովքեր սպորտն ու շարժումը գերադասում են տանը նստելուց»,-քննարկման ընթացքում նշել է պարոն Գասպարյանը:

Քննարկման ընթացքում մասնակից հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները խոսել են ոլորտում առկա բացերի, իրենց մտահոգությունների և դիտարկումների մասին, ինչպես նաև հանդես են եկել նոր առաջարկություններով:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել սեղմ ժամկետում ներկայացնել հնչած առաջարկությունների ամբողջական փաթեթը՝ նպատակ ունենալով տարեցների հիմնահարցերի ոլորտի զարգացումն ու տրամադրվող ծառայությունների որակի բարելավումը: