Ազատականացվել է պրոթեզի կոշիկի և բրդյա, բամբակյա գուլպաներ տրամադրող կազմակերպությունների ընտրությունը․ Գեմաֆին Գասպարյան

0
239

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հանրային քննարկման էր ներկայացվել Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցների տրամադրման գործընթացը: Այն բաց էր բոլոր շահագրգիռ հասարակական կազմակերպությունների համար: Նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը մասնակիցներին ներկայացրել է աջակցող միջոցների տրամադրման գործընթացի բարելավման ուղղությամբ իրականացվող փոփոխությունները՝ անվասայլակների տրամադրման նոր ժամկետներ, բուժատեխնիկական հանձնաժողովի գործունեություն և այլն:

«Բուժատեխնիկական հանձնաժողովը հասարակական հիմունքներից արդեն վերաճում է մշտական գործող հանձնաժողովի։ Գնահատող հանձնաժողով լինելուց բացի, այն նաև մասնակցելու է հավաստագրերով տրամադրվող՝ պրոթեզների, օրթեզների և այլ աջակցող միջոցների տրման գործընթացին։ Հանձնաժողովի աշխատանքներին՝ և՛ գնահատման, և՛ ստացման մասով, կարող են մասնակցել աջակցող միջոցներ տրամադրող հասարակական ու լիցենզավորված կազմակերպությունները»,- մանրամասնել է նախարարի առաջին տեղակալը:

Այնուհետև, խոսել են պրոթեզի կոշիկի և բրդյա, բամբակյա գուլպաներ տրամադրող կազմակերպությունների ընտրության ազատականացման, օրթեզների տրամադրման խնդիրների մասին. «Առողջապահության նախարարության հետ հստակեցրել ենք օրթեզների տրամադրման հարցը։ Մինչև յոթ տարեկան երեխաների օրթեզները կտրամադրի Առողջապահության, յոթից բարձր՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Տարիքային կենսաթոշակառուներին լսողական սարքեր կտրամադրվեն 65 տարեկանը լրանալուց հետո»,- պարզաբանել է նախարարի առաջին տեղակալը։

Պարոն Գասպարյանը տեղեկացրել է նաև, որ փոփոխություններ են նախատեսվում անվասայլակների տրամադրման ժամկետներում։ Ըստ այդմ, 16 տարեկանից բարձր տարիքի անձանց անվասայլակներ կտրամադրվի՝ երեք տարի, 0-15 տարեկանների համար՝ երկու տարի ժամկետով։

Քննարկման մասնակիցները երկուստեք կարևորել են տրամադրվող միջոցների պարտադիր մակնշման (դաջվածք, «Արագ արձագանք» (QR) կոդավորում), տեխնիկական բնութագրով սահմանված չափորոշիչների համապատասխանեցման, ինչպես նաև շահառուի համար հարմարավետության ապահովումը։

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները խոսել են պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների և խոչընդոտների մասին, ներկայացրել՝ իրենց առաջարկությունները: