Մեր ընդհանուր անելիքները չպետք է ճանաչեն կազմակերպական շահեր, առաջնայինը երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքն է․ Ժաննա Անդրեասյան

0
494

«Համագործակցությունն ու մասնակցայնությունն այն հիմնական միջոցներն են, որոնցով մենք կարող ենք ունենալ առկա խնդիրներին արձագանքող որակյալ, իրատեսական քաղաքականություն։ Պետությունը պետք է մշակի քաղաքականություն, համակարգի բոլոր գործընկերների ջանքերը, սահմանի օրակարգը և համագործակցության միջոցով հետևողականորեն իրականացնի իր գործունեությունը։ Մեր ընդհանուր անելիքները չպետք է ճանաչեն կազմակերպական շահեր, քանի որ առաջնայինն այստեղ գործն է՝ տվյալ դեպքում՝ երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը»,- այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ։

Հանդիպումը կայացել է «World Vision Հայաստանի» աջակցությամբ՝ «Ընտանեկան միջավայր ու ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի շրջանակում, որի ընթացքում քննարկվել է նաև «Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ապաինստիտուցիոնալացման և այլընտրանքային խնամքի ծառայությունների համակարգի զարգացման» հայեցակարգի նախագիծը։

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է հայեցակարգի սկզբունքային դրույթները՝ կարևորելով կանխարգելման, շահառուների անձնական տվյալների գործուն պաշտպանության, միջգերատեսչական ներդաշնակ գործընկերության, խտրականության բացառման և այլ կետերի ապահովումը․ «Ցավոք, ներկայումս պետական և տեղական ինքնակառավարման համակարգում որոշակի գործառույթների բաշխման անհստակություն կա, ինչը հանգեցնում է նրան, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի խնդիրները երբեմն վերածվում են ֆուտբոլի խաղադաշտի, որտեղ մի կառույցի կողմից գնդակն ուղղվում է մեկ այլ կառույցի, դրանից՝ մեկ այլի, և արդյունքում լուծումը տեսանելի չէ, իսկ գտնվածը միշտ չէ, որ լավագույնն է։ Այս տեսանկյունից պատասխանատվությունների և գործառույթների հստակ բաշխվածության ու կրկնօրինակման բացառման սկզբունքը ևս էական է մեզ համար»։

Հանդիպման ընթացքում «World Vision Հայաստանի» տնօրեն Ժիրայր Էդիլյանը առանցքային է համարել խնամքի հաստատություններում գտնվող երեխաների խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու և ընտանիքների վերամիավորմանը նպաստելու քաղաքականությունը։ Նա համոզմունք է հայտնել, որ արդյունավետ կանխարգելիչ միջոցառումներն ի զորու են նվազեցնել երեխաների մուտքն այդ հաստատություններ՝ կարևորելով նաև համայնքային սոցաշխատողի ինստիտուտի դերը։ «Մենք երկու հիմնական շեշտադրում ենք առանձնացնում։ Առաջինը՝ յուրաքանչյուր ընտանիքի հետ մասնագիտական անհատական աշխատանքն է և ապա՝ որակյալ, հասանելի ծառայությունների առկայությունը համայնքային մակարդակում, որոնք հասանելի կլինեն թե՛ երեխաների, թե՛ ծնողների համար»,– ասել է Ժիրայր Էդիլյանը։

Ժաննա Անդրեասյանը մանրամասնել է ոլորտային բարեփոխումներին ուղղված հիմնական քայլերը, մասնավորապես՝ կարիքների ամբողջական գնահատում, այլընտրանքային խնամքի ծառայությունների ներդրման ուղղությամբ նախորդ ջանքերի արդյունավետության գնահատում, այլընտրանքային խնամքի և ծառայությունների ամբողջական մոդելի մշակում (ըստ համայքների, կարիքների բացահայտված տիպերի, տարբեր խմբերի) և այլն։

«Երեք կարևոր բաղադրիչ ենք պատկերացնում, որ պետք է լինի այս համակարգում։ Առաջինը՝ խնամքն է ընտանիքում կամ ընտանեկան միջավայրում, որը ներառում է կենսաբանական ընտանիքների աջակցությունը, խնամատարության և խնամակալության ինստիտուտները, որդեգրումը։ Երկրորդ բաղադրիչը՝ ցերեկային խնամքի ծառայություններն են, և երրորդը՝ ժամանակավոր շուրջօրյա խնամքն է անհապաղ միջամտության և ճգնաժամային իրավիճակներում»,- պարզաբանել է Ժաննա Անդրեասյանը։

Հանդիպման ավարտին քննարկման մասնակից հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես են եկել կոնկրետ առաջարկներով և դիտարկումներով՝ պատրաստակամություն հայտնելով իրենց մասնագիտական փորձն ու գիտելիքներն ուղղել հայեցակարգի արդյունավետության ապահովմանը։