«Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունները դինամիկ և միևնույն ժամանակ էվոլյուցիոն գործընթաց են, որոնք, հիմնականում, պայմանավորված են երկու հանգամանքով. առաջինը՝ իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրներն են, որոնց մենք բախվում ենք առօրյայում և որոնց հետ կապված քաղաքացիներն ու գործատուները պարբերաբար դիմումներ ու բողոքներ են ուղարկում։ Երկրորդ հիմնական հանգամանքը վերաբերում է Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, որոնց շրջանակում մենք փորձում ենք մոտարկել մեր օրենսդրությունը»,- այս մասին ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների վերաբերյալ հանրային քննարկման ընթացքում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը։
Նշենք, որ հանդիպումը կայացել է «Օքսեջեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի աջակցությամբ՝ նպատակ ունենալով ներկայացնել նախարարության կողմից Աշխատանքային օրենսգրքում նախատեսվելիք փոփոխություններն ու լրացումները, նաև վերհանել աշխատանքային իրավունքներին առնչվող խնդիրները։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը ներկայացրել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում առկա բացերը և խնդրահարույց կողմերը՝ առաջարկելով փոփոխություններ ու լրացումներ իրականացնել այն հոդվածներում, որոնք «տարընթերցման, տարընկալման, ոչ հստակ ձևակերպման հետ կապված խնդիրներ են առաջացնում»։ Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ նախատեսվող ցանկացած լրացում կամ փոփոխություն պետք է հավասարակշռված լինի՝ դիտարկելով և՛ գործատուների, և՛ աշխատողների իրավունքները, պարտականություններն ու շահերը։
«Շատ է բարձրաձայնվում, որ Հայաստանում գործադուլ անելու ընթացակարգը բավականին բարդ է, պետք է շատ աշխատողներ միավորվեն, որպեսզի կարողանան իրենց իրավունքների պաշտպանության համար գործադուլ իրականացնել։ Այս հարցը մենք Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) մասնագետների հետ քննարկել ենք և եկել որոշակի համաձայնության՝ առաջարկելով փոփոխություն կատարել օրենսգրքի համապատասխան հոդվածում և ունենալ նոր, ճկուն ձևակերպում»,- պարզաբանել է Ժորա Սարգսյանը։
Նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետն առաջարկել է փոփոխություններ իրականացնել աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերի, պարտադիր կամ հարկադիր աշխատանքի սահմանման, որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի լուծման վերաբերյալ հոդվածներում․ «Շատ դեպքերում գործատուները փոփոխում են աշխատողների աշխատանքային պայմանները՝ աշխատաժամանակի ռեժիմ, աշխատավարձ, աշխատանքի վայր և հիմքում ուղղակի իրենց ցանկությունն է։ 105 հոդվածը հստակ սահմանում է, որ նման բան կարող է տեղի ունենալ միայն, եթե գործատուները որոշակի հիմքեր ունեն։ Վերջիններս, շատ հաճախ, այս հոդվածն իրենց հարմար ձևով են մեկնաբանում, ուստի այն հստակեցման կարիք ունի»։
Ժորա Սարգսյանը կարևորել է նաև աշխատաժամանակի կառուցվածքն ու տևողությունը, աշխատողների լրացուցիչ և հատուկ ընդմիջումները, ամենամյա արձակուրդի տրամադրման կարգը, չվճարվող արձակուրդը սահմանող հոդվածների խնդրահարույց կողմերի հստակեցումը․ «Կան դեպքեր, երբ հաստիքի կրճատում է տեղի ունենում, և աշխատանքային օրենսգիրքը գործատուի համար չի նախատեսում նախապատվություն տալու որևէ առաջնահերթություն (հոդված 113)։ Արդյունքում՝ գործատուն ինքն է որոշում, թե հաստիքի կրճատման պարագայում որ աշխատողի հետ շարունակի աշխատանքային հարաբերությունները և որ աշխատողի աշխատանքային պայմանագիրը լուծի։ Մենք նախատեսում ենք, որ հաստիքի կրճատման պարագայում իրենց աշխատատեղերը պահպանելու առաջնային իրավունք ունենան, օրինակ, հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող, զոհված զինծառայողի ընտանիքի անդամ հանդիսացող և նմանատիպ խոցելի խմբերում ընդգրկվածները»։
Հանդիպման ավարտին նախարարության ներկայացուցիչները հանրային քննարկման մասնակիցներին հորդորել են հանդես գալ առաջարկություններով ու դիտարկումներով՝ առավել արդյունավետ դարձնելու ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխություններին և լրացումներին ուղղված ջանքերը։