Կանանց հզորացումը բխում է նաև երկրի ու հասարակության շահերից․ Զարուհի Բաթոյան

0
204

«ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, առաջնահերթ է համարում ընտանեկան բռնության կանխարգելումը, կանանց հանդեպ բռնության կանխարգելումը և հզորացումը։ Պետք է նշել, որ իրավիճակն իսկապես փոխվել է՝ թե՛ կառավարությունը, թե՛ Ազգային Ժողովը, թե՛ հասարակական կազմակերպությունները շատ լավ համագործակցում են և կարևորում խնդրի լուծումը։ Մենք իսկապես գործուն քայլեր պիտի իրականացնենք նաև օրենսդրության վերանայման ուղղությամբ, որովհետև որքան էլ ապահովենք համագործակցությունը, այնուամենայնիվ, օրենսդրական հնարավորությունները բավարար չեն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար»,– այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ «Կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարը և կանխարգելումը Հայաստանում․ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ուղղությամբ շարունակվող աշխատանքը» ծրագրի մեկնարկային միջոցառման ժամանակ։

Նախարարը կարևորել է ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված միջգերատեսչական համագործակցությունը, ռեսուրսների համակարգումն ու համատեղումը, նաև հանրային իրազեկման և կրթության դերը՝ քաղաքացիների ու լրատվամիջոցների ակտիվ ներգրավվածությամբ։ Նա վստահություն է հայտնել ծրագրի իրագործման արդյունավետության վերաբերյալ՝ շեշտելով համախմբված կառույցների, անհատների և հասարակական կազմակերպությունների դրական տրամադրվածությունն ու հետագա քայլերի հստակ պատկերացումը։

«Մեր հարևանությամբ ապրող ընտանիքի խնդիրը չի՛ կարող մերը չլինել, չի՛ կարող մեր բարեկամի ընտանիքում բռնությունը չհուզել մեզ, չի՛ կարող հասարակության որևէ մասնիկի՝ հատկապես կանանց և երեխաներին ուղղված բռնությունը չհուզել մեզ։ Այս իմաստով, մենք ունենք անելիքներ, որպեսզի արագ արձագանքենք, կանանց և ընտանիքի պաշտպանությանը մասնակից լինենք։ Կնոջ դերի բարձրացումն ու հզորացումը բխում է ոչ միայն կանանց շահերից, այլև տղամարդկանց, երկրի ու հասարակության»,- մանրամասնել է նախարարը։

Եվրոպայի խորհրդի Գենդերահավասարության բաժնի Կարողությունների զարգացման և համագործակցության ծրագրերի ենթաբաժնի քաղաքականության խորհրդատու Սարա Հաապալայնեն ամփոփ ներկայացրել է ծրագրի էությունը, համագործակցության կողմերին և գործունեության ուղղությունները․ «Ծրագրի նպատակն է զարգացնել կառավարության կարողությունները, ինչպես նաև եվրոպական ստանդարտների (հատկապես Ստամբուլի կոնվենցիայի) համաձայն ընդլայնել իրավապահ մարմինների, իրավաբանների, սոցիալական աշխատողների, լրագրողների և այլ շահագրգիռ կողմերի գիտելիքները, քանի որ նրանք են զբաղվում կանանց նկատմամբ բռնությունների դեպքերով և կիրարկում «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքը: Երկրորդ նպատակը գենդերային զգայունության ապահովումն է կրթության ոլորտում` աջակցելով նախնական և միջնակարգ դպրոցների ուսումնական ծրագրերի, դասընթացների և նյութերի զարգացմանը: Ծրագրի գլխավոր նպատակն է Հայաստանում կանանց գենդերային հավասարությունից օգտվելու և նրանց նկատմամբ բռնության բոլոր ձևերից պաշտպանված լինելու իրավունքի իրացումը»:

Միջոցառման մասնակիցները կարևորել են այն քայլերը, որոնք Հայաստանն արդեն իսկ իրականացնում է ընտանեկան և կանանց նկատմամբ բռնության դեպքերի կանխարգելման ուղղությամբ և համագործակցության կոչ են արել բոլոր շահագրգիռ գերատեսչություններին, քաղաքացիական հասարակության անդամներին՝ ակտիվ ներգրավվածություն ապահովել հետագա աշխատանքներում։