Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները հյուրընկալել են ԱՄԷ դեսպանատան պաշտոնյաներին

0
724

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող Խարբերդի մասնագիտացված մանկատունը Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունից որպես նվիրատվություն ստացել է խոհանոցային պարագաներ:

Նվերների հանձնմանը ներկա էին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, նախարարության գլխավոր քարտուղար Ստեփան Մաչյանը, ԱՄԷ դեսպանատան երկրորդ քարտուղար Ահլամ Ռաշիդ Ալսալամին:

Հաստատության տնօրեն Հարություն Բալասանյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են մանկատանը, ծանոթացել պայմաններին, մատուցվող ծառայություններին: Խարբերդի մասնագիտացված մանկատանը խնամվում են հաշմանդամություն ունեցող երեխաներ: Ստեղծված տարատեսակ ծառայություններն ու համապատասխան անկյուն-սենյակները ստեղծված են ոչ միայն հաստատությունում խնամվող սաների վիճակը թեթևացնելու, այլև՝ նրանց  կարողություններն և հմտությունները զարգացնելու համար:

Հյուրերը շրջել են գորգագործության, կավագործության, վերականգնողական և բժշկակական սենյակներով, ծանոթացել տարբեր սարքավորումների, մեխանիզմների և կրթական ծրագրերի հետ, որոնց միջոցով համապատասխան մասնագետներին հաջողվում է դրական ազդեցություն ունենալ սաների կյանքում: Շրջայցի ընթացքում հյուրերը հանդիպել են նաև սաներին, ովքեր այդ պահին զբաղված էին աշխատանքով կամ ստանում էին իրենց համար նախատեսված վերականգնողական ու բժշկական ծառայությունները:

Հաստատության գործունեությանը և պայմաններին մանրամասն ծանոթանալուց հետո նախարարության և դեսպանատան պաշտոնյաները քննարկել են երկու երկրների միջև հնարավոր հետագա համագործակցությունը: Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ կառավարությանը աջակցության և պատրաստակամության համար, ներկայացրել ՀՀ կառավարության կողմից որդեգրած քաղաքականությունը, որն ուղղված է երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը:

«Մենք փորձում ենք մեր քաղաքականությունն ուղղորդել դեպի կանխարգելում և կանխել երեխաների մուտքը հաստատություններ՝ աջակցություն ցուցաբերելով ընտանիքներին: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ, ցավոք, հաշմանադամություն ունենալը այն հիմնարար պատճառներից  մեկն է, որի հետևանքով երեխաներն հայտնվում են հաստատություններում: Այս պահին պետական շուրջօրյա խնամքի հաստատություններում խնամվող շուրջ 600 երեխայից 450-ն ունեն հաշմանադամություն»,- մանրամասնել է տիկին Անդրեասյանը:

Նա նշել է, որ մանկատան կուտակած փորձառությունն ու գիտելիքները կարող են այն վերածել հրաշալի ռեսուրս կենտրոնի՝ ծառայություններ ու աջակցություն մատուցելով դրա կարիքն ունեցող այլ ընտանիքների և երեխաների: Փոխնախարարը խոսել է նաև հաստատությունում բնակվող շուրջ 120 չափահասների կեցության և այլ խնդիրների մասին: Չնայած այն բանին, որ մասնագետները փորձում են հնարավորինս զարգացնել համայնքում նրանց ներառման հնարավորությունները, ինքնասպասարկման հմտությունները, լուծել մասնակի զբաղվածության խնդիրը, սակայն անհրաժեշտ է այս առանձին ջանքերը վերածել համակարգված քաղաքականության:

«Մենք ցանկանում ենք ունենալ չափահաս շահառուների համար փոքր տներ, որոնք կգտնվեն համայնքում, իսկ Խարբերդի հաստատությունը կհանդիսանա ռեսուրս կենտրոն և աջակից այդ փոքր տների գործունեությանը: Այս մարդիկ հնարավորություն կունենան բնակվել հենց համայնքում, ավելի ինտեգրված լինել այդ միջավայրին, ինչը, բնականաբար, բարենպաստ ազդեցություն կունենա թե՛ իրենց կյանքի որակի վրա, թե՛ կնպաստի հասարակության՝ ավելի ներառական դառնալուն»,- նշել է նա:

ԱՄԷ դեսպանատան ներկայացուցչին տեղեկացվել է նաև, որ փոքր տների մոդելն արդեն իսկ մշակված է, սակայն ծրագրի կապիտալ ծախսերի տեսանկյունից աջակցության կարիք կա:

Ահլամ Ռաշիդ Ալսալամին, լսելով ներկայացված ծրագրի մանրամասները, նախ շնորհակալություն է հայտնել այցի և ջերմ ընդունելության համար, ապա հավաստել իր երկրի պատրաստակամությունը՝ աջակից լինելու մարդասիրական և սոցիալական այն ծրագրերին, որոնց իրագործման արդյունքում շահելու են երեխաներն ու նրանց ընտանիքները:

Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ երկու բարեկամ երկրների համագործակցությունից կշահեն ոչ միայն կոնկրետ շահառուները, ովքեր ներգրավված կլինեն ծրագրում, այլև այն մեծ խթան կհանդիսանա առավել մարդասեր հասարակություն ձևավորելուն: