Կանայք կարո՛ղ են և արժանի՛ են ավելիին․ Զարուհի Բաթոյան

0
243

«Տասը մարզում ունեցած հանդիպումների միջոցով մենք հավաքագրել ենք կանանց հուզող խնդիրները և, իհարկե, այն առաջարկությունները, որոնք պետք է հիմք լինեն մեր ծրագրերի, ռազմավարությունների, քաղաքականությունների մշակման համար։ Հանդիպումների ընթացքում տարբեր ոլորտներին առնչվող խնդիրներ են արծարծվել, և մենք պատրաստակամություն ենք հայտնում դրանց  լուծում տալ, որովհետև կանանց հզորացնելու համար առաջին հերթին պետք է լսելի դարձնել նրանց ձայնը։ Մենք գիտենք, որ այսօր կանայք բավականին ներուժ ունեն, լուրջ խնդիրներ են հաղթահարում, և մենք հավատում ենք, որ նրանք կարող են և արժանի են ավելիին։ Մեր առաջնային քայլերից պետք է լինի խաղաղ ու ապահով միջավայրում կանանց երջանիկ կյանքի ապահովումը և, իհարկե, պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի զարգացնենք նրանց կարողությունները»,– այս մասին ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ «Զորեղացնելով կանանց՝ մարզ-վենք» մարզային քննարկումների ամփոփման ժամանակ։

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպման իրականացումը, անմիջական շփման արդյունքում մարզաբնակ կանանց հիմնախնդիրների բացահայտումը, դրանց վերլուծությունն ու քննարկումը․ «Ուրախ եմ, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մարզերում բնակվող կանանց և ոլորտային հասարակական կազմակերպությունների հետ անմիջական զրույցների միջոցով է ծանոթանում առկա խնդիրներին։ Ազգային ժողովի և Կառավարության անելիքը մեծ հաշվով հենց սա է՝ Հայաստանի տարբեր անկյուններում բնակվող մարդկանց խնդիրները խորապես ճանաչելը ու դրանք լուծելու և հետագայում կանխելու նպատակով քաղաքականություններ մշակելը»։

Հանդիպման ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է մարզային այցելությունների ընթացքում արձանագրած հիմնախնդիրները՝ կարևորելով արդյունավետ և հասցեական աշխատանքի իրականացումը։ Նա էական է համարել աշխատանքի և զբաղվածության, առողջապահական և կրթական ոլորտներում առկա խնդիրների կարգավորման, նաև մարզերում գենդերային խտրականության և բռնության դեպքերի կանխարգելման շուրջ տարվելիք քայլերը։

«Ցավոք, հաճախ ենք լսել դեպքեր, որ եթե կա աշխատանքի հնարավորություն, ապա մրցակցության պարագայում շատ ավելի հավանական է, որ այդ աշխատատեղը բաժին կհասնի հենց տղամարդ մասնակցի։ Ավելի խտրական վերաբերմունք ենք տեսնում կոնկրետ խմբերի կանանց նկատմամբ, ինչպես, օրինակ, հաշմանդամություն ունեցողների, ովքեր գտնվում են շատ ավելի խոցելի վիճակում։ Լուրջ խնդիր է նաև տարիքային խտրականությունը, և այս իմաստով միջին և ավելի բարձր տարիքի կանայք հայտնվում են մի իրավիճակում, երբ ստիպված են կատարել կա՛մ ամենացածր որակավորում ունեցող աշխատանք, կա՛մ ընդհանրապես չունենալ աշխատանք»,- նշել է նախարարի տեղակալը։

Ժ․ Անդրեասյանը կարևորել է առողջապահական համակարգում առկա խնդիրների լուծումը` մասնավորապես, մարզային բուժհաստատություններում տրամադրվող ծառայությունների ոչ բավարար որակը, բուժծառայություններից օգտվելու՝ խոցելի խմբերի առջև ծառացած ֆինանսական դժվարությունները, նաև մարզաբնակ կանանց՝ սեփական առողջության պահպանման մշակույթի բացակայությունը։ Էական է համարվել նաև եզդի աղջիկների կրթության իրավունքի իրացման, աղջիկների սեռադաստիարակության, որոշ մարզերում մասնագիտական ուսումնական հաստատությունների բացակայության կամ սահմանափակ հասանելիության վերաբերյալ կոնկրետ քայլերի իրականացումը։

Ամփոփելով հանդիպումը՝ նախարարի տեղակալը ներկայացրել է առկա խնդիրների կարգավորման վերաբերյալ նախարարության առաջարկները՝ մարզերում ստեղծել տեղական արտադրանքի արտահանումն ապահովող ասոցիացիա, հատուկ պայմաններ մշակել սոցիալ-ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող մարզաբնակ կանանց համար, նաև աջակցել նրանց գյուղատնտեսական կոոպերացիաների ձևավորմանը։ Կարևորվել է կանանց զբաղվածությունն ու տնտեսական ակտիվությունը խթանող ծրագրերի, ցերեկային խնամքի ծառայությունների ընդլայնումը, պետական ու համայնքային ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումը և այլն։

Նշենք, որ մարզային այցելությունները իրականացել են մայիս-հունիս ամիսներին՝ ներգրավելով շուրջ 56 հասարակական կազմակերպության ներկայացուցիչների (175 մարդ):