Սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ “Աջակցություն Հայաստանի իշխանություններին` աշխատաշուկայի ակտիվ քաղաքականության բարելավման հարցերում” ծրագրի ավարտական կոնֆերանսը

0
99

Սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ “Աջակցություն Հայաստանի իշխանություններին` աշխատաշուկայի ակտիվ քաղաքականության բարելավման հարցերում” ծրագրի ավարտական կոնֆերանսը. որին մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գևորգ Պետրոսյանը, Համաշխարհային Բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լուզենբերգը, այլ բարձրաստիճան հյուրեր, ծրագրի ղեկավար կազմը և փորձագետները:
“Ծրագիրը, որը մեկնարկել է 1999 թվականին` նպատակաուղղվել է զբաղվածության ոլորտի ծառայությունների բարելավմանը, աշխատաշուկայի տեղեկատվական համակարգի ստեղծմանը, խոցելի խմբերի, ԶԼՄ-ների հետ աշխատանքի և հաղորդակցության ռազմավարության մշակմանը”,-բացման խոսքում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գ. Պետրոսյանը: Նախարարի խոսքերով ծրագրի ընթացքում ձեռք բերված փորձի և իրավիճակի գնահատման արդյունքում կատարվել են օրենսդրական փոփոխություններ, մշակվել զբաղվածության ոլորտը կարգավորող նոր իրավական ակտեր, տեղայնացվել է միջազգային առաջատար փորձը, որի արդյունքում այսօր ոլորտում իրականացվում են զբաղվածության ակտիվ ծրագրեր: Գ. Պետրոսյանը նշեց, որ ծրագրի խորհրդատվությամբ և Համաշխարհային բանկի տեխնիկական աջակցությամբ 2008թ. հոկտեմբերից Երևանում սկսել է գործել “Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնը”, որի առաքելությունը նաև անձի կարողությունների գնահատման վերաբերյալ խորհրդատվական ծառայությունների տրամադրումն է:
Ըստ նախարարի, ծրագրի շրջանակներում ստեղծվել է “Աջակցվող զբաղվածության ազգային ասոցիացիան”, իսկ “Գործ” տեղեկատվական համակարգը հնարավորություն է տալիս գործազուրկների վերաբերյալ տվյալներ հավաքագրել հանրապետության տարբեր մարզերից: “Իհարկե, ոլորտում դեռ շատ կան չլուծված խնդիրներ, սակայն դրանք հաղթահարելուն ուղղված ծրագրերի հիմքերն ամուր են”,-ասաց Գ. Պետրոսյանը:
“Հայերի հետ աշխատելը իսկական հաճույք է,-նշեց ծրագրի ղեկավար Քրիստեր Ֆլորման: -Նրանք լսում և ընկալում են այն ամենն ու իրատեսականը, ինչը հնարավոր է օգտագործել, և հենց սա էլ եղել է մեր հաջողության գրավականը”: