Հերքում. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում «երրորդ սեռի» վարչություն չի լինելու

0
852

Անդրադառնալով մամուլում վերջին երկու օրերին արհեստականորեն շրջանառության մեջ դրված տեղեկություններին այն մասին, թե, իբր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային փոփոխություններով նախատեսվում է ունենալ Հայաստանի Հանրապետությունում իրավական որևէ ձևակերպում չունեցող, սոսկ հրապարակման հեղինակի երևակայության հետևանք հանդիսացող «երրորդ սեռի» վարչություն, հարկ ենք համարում տեղեկացնել, որ «լուրը» բացարձակ սուտ է:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային փոփոխությունները կառավարությունում քննարկվում են ընթացակարգերի համաձայն՝ առանց լուրջ բովանդակային առարկությունների:

Միևնույն ժամանակ, հարկ ենք համարում նշել, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև՝ ՀՀ պետական բոլոր ինստիտուտների աշխատանքի առանցքն ու հիմնաքարը Սահմանադրությունն է:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հիմնական գործառույթը սոցիալական պաշտպանության կարիք ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիների աջակցությունն է: Ըստ այդմ՝ նախարարության կողմից իրականացված յուրաքանչյուր ծրագիր, այդ թվում՝ կառուցվածքային փոփոխությունները, բխում են բացառապես այս գործառույթից: