Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին

0
598

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ հնարավոր կոռուպցիայի վերաբերյալ համապատասխան ուսումնասիրություններ իրականացնելու և իրավական գնահատական տալու համար:

2017 թվականին Կենտրոն վարչական շրջանում Համալիր սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ստեղծելու համար ՀՀ կառավարության կողմից եղել է համապատասխան հանձնարարական՝ Կենտրոն վարչական շրջանում անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տարածք հատկացնելու վերաբերյալ:

2017 թ.-ին ՀՀ կառավարության N 1436-Ա  որոշման համաձայն՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 շենք, N 296 հասցեով 1719.96 քմ մակերեսով հասարակական նշանակության տարածքը և դրան հարակից չկառուցապատված հողամասը 2017 թվականի նոյեմբերի 7-ի դրությամբ 1,240,423,000 ՀՀ դրամ գնահատված ընդհանուր շուկայական արժեքին հավասար գնով օտարվել է Հայաստանի Հանրապետությանը և ամրացվել  նախարարությանը:

2019 թ.-ի ապրիլի 25-ից 26-ը Համաշխարհային բանկի ծրագրի իրականացման օժանդակության առաքելության ընթացքում Համաշխարհային բանկի թիմը նպատակահարմար չի համարել Կենտրոն ՀՍԾՏԿ-ն ստեղծել վերոնշյալ տարածքում։ Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջացել նոր տարածք ձեռք բերելու և վերջինիս հետ փոխանակելու նպատակով: Այդ նպատակով կատարվել է անշարժ գույքի անկախ փորձագիտական կազմակերպության կողմից գնահատում և ստացվել համապատասխան գնահատման հաշվետվություն: Ըստ հաշվետվության՝ անշարժ գույքի արժեքը կազմում է 282,700,000 ՀՀ դրամ, իսկ հողի արժեքը 39,000,000 ՀՀ դրամ: Ընդամենը՝ 321,700,00 ՀՀ դրամ:

Համեմատելով ներկայիս արժեքը 2017 թվականի նոյեմբերի 7-ի դրությամբ  գնահատված ընդհանուր շուկայական արժեքի  հետ՝ ակնհայտ է բացահայտ անհամապատասխանություն, որի ուսումնասիրության համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն: