Վանաձորում մեկնարկել են խնամատար ծնող դառնալու վերապատրաստման դասընթացները

0
573

«Ձվածեղ էի սարքում, երբ Աշոտը (անունը փոխված է) ներս եկավ, միանգամից ասացի՝ քեզ համար ձվածեղ սարքե՞մ: Ժպտալով ասաց՝ հա, ու եկավ, կպավ ինձ՝ իր նոր քույրիկին: Ու այ էդպես ամբողջ կյանքում իրար կպած մնացինք», – պատմում է Գայանեն՝ խնամատար ծնողների համար նախատեսված վերապատրաստման դասընթացի մասնակիցներից մեկը:

Գայանեն խնամատարության փորձառություն ունեցող ընտանիքից է՝ 13 տարի առաջ մայրն է դարձել խնամատար ծնող՝ իրեն պարգևելով եղբայր, իսկ մանկատան մեկ երեխայի՝ ընտանիք:

1988 թվականի երկրաշարժի հետևանքով Գայանեն կորցրել է հորը, տատիկին, քրոջը, փրկվել է միայն հղի մայրը: Հետո ծնվել է ինքը: Երբ վեց տարեկան է դարձել, հեռուստատեսությամբ մի օր տեսել է, որ մի նորածնի ծնողները թողել են աղբամանի մոտ, գնացել: Գայանեն խնդրել է մայրիկին, որ գնա, գտնի այդ երեխային ու իր եղբայրը դարձնի:

«Այդ երեխային, բնական է, չգտանք, բայց այդ օրվանից անընդհատ մայրիկին հարցեր էի տալիս ու չէի հասկանում՝  եթե երեխաների ծնողները երկնքում չեն, ինչո՞ւ միասին չեն ապրում, չէի հասկանում ու ավելի շատ էի ուզում եղբայր ունենալ: Մինչև մի օր մայրիկս դիմեց խնամատարության համար, ու մեր տունն իսկական ընտանիք եղավ»,- պատմում է Գայանեն:

Սրահում հավաքված ծնող դառնալ ցանկացող կանայք ու միակ տղամարդը ժպտում են: Հետո Գայանեն ավելացնում է՝ այս առավոտ էլ եղբայրն է իրեն ճանապարհել:

Գայանեն ու եղբայրը հիմա որոշել են ևս մեկ երեխայի համար ընտանիք դառնալ:

Խնամատարության համար դիմած անձանց համար կազմակերպվող վերապատրաստումների դասընթացները մեկնարկել են Լոռու մարզում: Մարզում  խնամատարության համար դիմած անձանցից վերապատրաստման փուլի համար ընտրվել են 12-ը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Լոռու մարզպետարանի կազմակերպած եռօրյա վերապատրաստումները նպատակ ունեն ծանոթացնել խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց օրենսդրական կարգավորումներին, իրենց իրավունքներին և պարտականություններին, ներկայացնել խնամատարության հանձնվող երեխայի հետ ապրելու, աշխատելու նրբությունները:

«Խնամատար ծնողների վերապատրաստումն սկսում ենք հենց այս մարզից, որովհետև Լոռին եզակի է և՛ նրանով, որ խնմաատարության հաջողված փորձ արդեն ունենք այստեղ, և՛ նրանով, որ խնամատար ծնող դառնալու համար դիմած քաղաքացիների շատ բարձր ակտիվություն կա: Խնամատարությունը միաժամանակ ծառայություն է, աշխատանք ու  խնամք, սակայն մեր փորձը ցույց է տալիս, որ ծնողներն այս ամենին որպես աշխատանք չեն վերաբերում, այլ՝ որպես ընտանիք ունենալու հնարավորություն»,- հանդիպման ընթացքում ասել է նախարարության երեխաների բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը:

Խնամատարության վերապատրաստման դասընթացի մասնակիցները մի շարք հարցեր են ուղղել բաժնի պետին, կիսվել մտահոգություններով: Երեխաների բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը պարզաբանել է, որ փոփոխություններ են տեղի ունեցել գործող կարգում, և այսուհետ յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամատարությունը ստանձնելու դեպքում գումարը ծնողներին կհատկացվի 100 տոկոսով: Մինչդեռ նախկինում ամեն հաջորդ երեխայի խնամատարության դեպքում գումարը պակասում էր 30 %-ով:

Վերապատրաստման մասնակիցներն իրենց հերթին նշել են, որ պատրաստ են և ուրախ կլինեն խնամատարության վերցնել երկու կամ երեք երեխայի, եթե երեխաները քույր, եղբայր լինեն:

Վերապատրաստման մասնակիցները նաև կարծիք են հայտնել, որ եթե խնամատար ծնողներների համար սահմանված տարիքային շեմը բարձրացվի 55 տարեկանից, ավելի շատ դիմողներ կլինեն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հնարավոր տարբերակները, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն խնամատարության ծրագիրը:

Հիշեցնենք, որ այս տարվանից խնամատար ծնողների համար համար  վերապատրաստման դասընթացներն իրականացվելու են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի» կողմից: