ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Միջազգային աշխատանքային հարցերի գրասենյակի արտաքին գործերի պատասխանատու Սառա Էփշտեյնի, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական բաժնի աշխատակիցներ Քրիստինա Հանսելի և Լիլիթ Անտոնյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանության օրենսդրական երաշխիքները, Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի գործառույթների ընդլայնման հնարավորությունները, նաև աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում նախարարության ծրագրերը։
Ներկաներին, մասնավորապես, հետաքրքրել են Հայաստանում գործադուլի անցկացման ընթացակարգի օրենսդրական կարգավորումները, ծանր-վնասակար աշխատանքներ իրականացնողների աշխատանքային պայմանների հետ կապված հարցեր, նաև երեխաների աշխատանքային իրավունքների պաշտպանության ներկայիս վիճակը։
«Մենք փորձում ենք միջազգային կոնվենցիաներով ստանձնած մեր պարտավորությունները համապատասխանեցնել Աշխատանքային օրենսգրքի կարգավորումներին և դյուրին դարձնել գործադուլի իրականացման գործընթացը։ Համաձայն գործող կարգավորումների, աշխատողների 70 %-ը պետք է միավորվեն, որպեսզի կարողանան գործադուլ հայտարարել։ Բարեփոխումների նախագծով նախատեսում ենք, որ այդ թիվը դառնա 30 %։ Իսկ ինչ վերաբերում է երեխաների աշխատանքային իրավունքների պաշտպանությանը, ապա մինչև 18 տարեկան երեխաների նկատմամբ այս մասով վերահսկողություն իրականացնելն Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրական գործառույթներից է։ Մարմինը տարբեր ոլորտներում ստուգումներ է իրականացնում՝ բացահայտելու առկա խնդիրները, օրենքի հետ անհամապատասխանություններն ու խախտումները»,- պարզաբանել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։