Տեղի է ունեցել Ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի նիստը

0
273

«Այս տարի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մի շարք քայլեր է իրականացրել ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ, որոնք բարենպաստ հիմք են ստեղծել հաջորդ փուլ անցնելու համար։ Մասնավորապես, այս տարի կառավարության մի շարք որոշումներ ընդունվեցին թե՛ ապաստարանների նվազագույն չափորոշիչների սահմանման, թե՛ ընտանիքում բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցության տրամադրման կարգի վերաբերյալ, որի համաձայն 2020 թ․ հունվարից կսկսենք իրականացնել նաև այս աջակցությունը»,- այս մասին Ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի նիստի ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

Նիստի օրակարգում քննարկվել են «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում մի շարք փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը, կարևորվել է նաև «Ընտանիքում բռնության դեպքերի տեղեկատվական վիճակագրական համընդհանուր բազայի» ստեղծումը։

Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ վերջերս վերակազմավորված խորհուրդն այժմ ավելի ինտենսիվ աշխատանք կտանի և արդյունավետ հարթակ կլինի տարբեր շահագրգիռ մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար՝ ուղղված ընտանիքում բռնության երևույթի կանխարգելման քաղաքականության արդյունավետության բարձրացմանը։

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները՝ մասնավորապես, ընտանիքում բռնություն հասկացության սահմանման, երեխայի ներկայությամբ բռնության իրականացման դեպքերի, հաշտեցման դրույթի վերաբերյալ և այլն։

«Նախարարության, «Հայաստան համահայկական հիմնադրամի» և «Կանանց աջակցման կենտրոնի» միջև ստորագրված հուշագրի շրջանակում, մարզային այն կազմակերպությունների քարտեզագրում է իրականացվել, որոնք պատրաստակամ են ծառայություններ տրամադրել ընտանեկան բռնության ենթարկված անձանց։ Կառավարության կողմից հաստատված 2020 թ․ բյուջետային հայտում ներառվել է նաև աջակցության կենտրոնների ֆինանսավորումը տասը մարզերում և Երևանում, ինչպես նաև նախատեսվում է երկու ապաստարանների համաֆինանսավորում»,- պարզաբանել է Ժաննա Անդրեասյանը։

Խորհրդում ընդգրկված պետական գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես են եկել առաջարկներով՝ ընտանիքում բռնություն իրականացրած անձի նախազգուշացման, բռնության ենթարկված անձանց անվճար հիվանդանոցային բուժօգնության տրամադրման, ԶԼՄ-ներով բռնության թեմաների լուսաբանման վերաբերյալ և այլն։

Նախարարի տեղակալը կարևորել է նաև «աջակցության կենտրոն» տերմինի պարզաբանման հարցը․ «Գործող օրենքով, աջակցության կենտրոնը սահմանված է որպես «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով նախատեսված սոցիալական ծառայություններ տրամադրող պետական կազմակերպություն։ Նախատեսում ենք այն սահմանել որպես հասարակական կամ պետական ոչ առևտրային կազմակերպություն, ինչը հնարավորություն կտա հասարակական կազմակերպություններին հանդես գալ իբրև աջակցող կենտրոններ»։