Աշխատանքային վեճերի լուծման արդյունավետ համակարգ ստեղծելու նպատակով կուսումնասիրվի Լիտվայի փորձը

0
153

«Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակում, կոնկրետ մեխանիզմներ ու գործողություններ պլանավորելու նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատվիրակությունն այցելել է Լիտվայի Հանրապետություն:

Այցի ընթացքում պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել Լիտվայի Սոցիալական ապահովության և աշխատանքի նախարարության, Զբաղվածության ծառայության, Աշխատանքի պետական տեսչության աշխատանքային վեճերի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ:

Գործընկերները ներկայացրել են Լիտվայի աշխատաշուկայի ակտիվ ծրագրերն ու մարտահրավերները, Զբաղվածության ծառայության քաղաքականությունն ու գործունեությունը, ինչպես նաև երկրում իրականացված վերջին տարիների բարեփոխումները:

Լիտվայի Աշխատանքի պետական տեսչության աշխատանքային վեճերի հանձնաժողովի նախագահը հանդիպման ընթացքում խոսել է հանձնաժողովի լիազորությունների, գործունեության ձևաչափի և մեխանիզմների մասին: Նրա ներկայացմամբ՝ Լիտվայում աշխատանքային վեճերի լուծման մեխանիզմը գործում է արդյուանվետ և օգտակար, իսկ աշխատանքային վեճերի քննության ընթացքում ներգրավվում են նաև սոցիալական գործընկերները: Գործող մեխանիզմը նպաստում է սոցիալական գործընկերության և սոցիալական գործընկերների միջև բանակցությունների վարման գործընթացների զարգացմանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը  ներկայացրել է մեր երկրում աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացվող բարեփոխումները: Լիտվայի Սոցիալական ապահովության և աշխատանքի նախարարի տեղակալ Էգլե Ռադիսաուսկիենեի հետ հանդիպման ժամանակ փոխնախարարն առաջարկել է Եվրամիության TAIEX գործիքի միջոցով լիտվացի փորձագետներին հրավիրել Հայաստան՝ Լիտվայի աշխատանքային վեճերի հանձնաժողովի  գործունեությունը ներկայացնելու և Հայաստանում ԱՎՀ-ի հնարավոր ներդրման հարցում աջակցելու նպատակով:

Այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել 2020 թ․ կազմակերպել ուսումնական այց Լիտվայի սոցիալական աջակցության մոդելների ուսումնասիրության և համատեղ ծրագրերի մշակման համար: