ՀՀ “Զբաղվածության Պետական Ծառայություն” գործակալությունում (Կ.Ուլնեցու 68) կնքվեց փոխըմբռնման հուշագիր “Զբաղվածության Պետական Ծառայություն” գործակալության և “Հյուման Դիգնիթի ընդ Փիս” բարեգործական հիմնադրամի /HDP/ միջև:
Բարեգործական Հիմնադրամը 2010թ. հունվարի 1-ից մինչև 2012թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնում է Նիդեռլանդների Արտաքին Գործերի Նախարարության կողմից ¥MATRA PP¤ ֆինանսավորվող դրամաշնորհային “Հայաստանի հաշմանդամություն ունեցող մարդիկ` որպես խոստումնալից աշխատուժ” ծրագիրը` ուղղված երիտասարդ հաշմանդամների ներգրավմանը աշխատաշուկա` զբաղվածության հնարավորությունների մեծացման միջոցով։
Հաշվի առնելով այն, որ զբաղվածության կենտրոնների կողմից իրականացվում են զբաղվածության օրենսդրությամբ նախատեսված հաշմանդամներին աշխատաշուկայում ներգրավելու գործառույթներ և համապատասխան միջոցառումներ, HDP Հիմնադրամը նպատակ է դրել իր հնարավորությունների սահմանում աջակցել այդ կարևոր գործընթացին։
Ծրագիրը իրականացվելու է Երևան քաղաքի Էրեբունի համայնքում և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում` Էրեբունու զբաղվածության տարածքային և Հրազդանի զբաղվածության մարզային կենտրոնների, մասնագիտական քոլեջների և գործատուների հետ:
Ծրագրի նպատակն է ուսումնասիրել թիրախ համայնքների զբաղվածության կենտրոնների և գործատուների կողմից կիրառվող հաշվառման մեթոդները և գործող տվյալների բազայի արդյունավետությունը` հաշմանդամների աշխատանքի ընդունման գործընթացի վերաբերյալ:
Ծրագրի արդյունքում համատեղ կմշակվի և կներդրվի համապատասխան կարողությունների գնահատման արդյունավետ մեթոդ, որը կնպաստի երիտասարդ հաշմանդամների ներգրավմանը աշխատաշուկա: Զբաղվածության կենտրոններից և մասնագիտական քոլեջներից կընտրվեն մասնագետներ և կվերապատրաստվեն նոր մեթոդն իրականացնելու համար: Նոր մեթոդի կիրառման համար կպատրաստվի համապատասխան ձեռնարկ և կտրամադրվի գործատուներին, որն էլ իր հերթին կխթանի հաշմանդամների հավասար աշխատանքային իրավունքների իրացման համար պայմանների ստեղծումը:
Ընտրված համայնքներում նախատեսվում է կազմակերպել նաև հանրային իրազեկման միջոցառումներ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, բարձրացնելով նրանց անհատական կարողությունները` մրցունակ դարձնել աշխատաշուկայում: