ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ սկսվել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների` նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման հաշվառման և վճարման գործընթացը:
Ս/թ հունիսին 738 վետերան-ավանդատու արդեն իսկ ստացել է հասանելիք փոխհատուցման գումարը: Ներկայումս շարունակվում է հաշվառված վետերանների ավանդային գրքույկներում առկա գումարների ճշգրտումը “ՎՏԲ Հայաստան” բանկի միջոցով, ըստ որի հուլիս ամսվա վճարման ցուցակներում վետերանների ակնկալվող թիվը 1500 է: Հաշվառման համար ժամկետ նախատեսված չէ, ուստի վետերանները կարող են ցանկացած պահի դիմել իրենց բնակության վայրի սոցիալական ծառայությունների տարածքային մարմին:
Ընթացքի մեջ է նաև վետերաններին վերականգնողական բուժման և հանգստյան տների ուղեգրերի տրամադրման գործընթացը: Ուղեգրեր ստանալու համար վետերանները պետք է դիմեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` ներկայացնելով անձնագիր, վետերանի կարգավիճակը հավաստող վկայական, վերականգնողական բուժման համար` համապատասխան բուժհաստատության եզրակացությունը /ձև 2/: