Հայաստանում մի ասացվածք կա՝ գյուղ կանգնի, գերան կկոտրի: Այլ կերպ ասած, եթե մենք միասին ենք, որևէ բան անհնարին չէ. Նախարար

0
106

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նոյեմբերի 11-ից 14-ը Քենիայում կմասնակցի «Nairobi Summit 2019»-ին, որն այս տարի կազմակերպել են Քենիայի և Դանիայի կառավարությունները, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը (UNFPA) և ՄԱԿ-ի սեռական և վերարտադրողական առողջության գործակալությունը:

Համաժողովի ընթացքում նախարար Բաթոյանն անդրադարձել է Հայաստանում սեռով պայմանավորված հղիության ընդհատումների և նորածինների սեռային հարաբերակցության խնդրին:

«Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կցանկանայի շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամին, Քենիայի Հանրապետության և Դանիայի Թագավորության կառավարություններին՝ գագաթնաժողովին մասնակցելու հրավերի և միջոցառման գերազանց կազմակերպման համար:

Ինձ համար մեծ պատիվ է Ձեզ հետ կիսել վերջին մի քանի տարիների մեր ձեռքբերումները և այն մարտահրավերները, որոնք պատրաստվում ենք հաղթահարել:

Հայաստանում մի ասացվածք կա՝ գյուղ կանգնի, գերան կկոտրի: Այլ կերպ ասած, եթե մենք միասին ենք, որևէ բան անհնարին չէ:  Այսօր կուզենայի պատմել միասնական աշխատանքի մի հաջողված պատմության մասին` կանանց և աղջիկների իրավահավասարության մասին:

9 տարի առաջ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի մեր գործընկերները ահազանգեցին: Նրանք ուսումնասիրել էին պաշտոնական վիճակագրությանը և պարզել, որ 90-ականների սկզբից ` նորածին տղաների և աղջիկների թվի հարաբերակցության շեղում կա: Եթե այդ տարիներին 102-105 տղայի դիմաց ծնվում էր 100 աղջիկ, ապա 2000-ականների սկզբին այդ տարբերությունը կազմում էր 120 տղայի դիմաց 100 աղջիկ: Այս ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում էր երրորդ տեղն աշխարհում:

Ինչպես ցույց էին տալիս ուսումնասիրությունները, պատճառն այն էր, որ նախածննդյան շրջանում սեռի ընտրությունը հանգեցրել էր որդիների նախապատվության և աղջիկների թերագնահատման:

Հայաստանում 2019 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում նորածինների սեռերի հարաբերակցությունն այսպիսին է՝ 110 տղայի դիմաց 100 աղջիկ: 2015 թ.-ից հետո գրեթե յուրաքանչյուր տարի այս ցուցանիշը նվազելէ մեկ տոկոսային կետով: Հայաստանն այժմ աշխարհում այս դասակարգմամբ հինգերորդ տեղում է:

Սա ինը տարիների շարունակական աշխատանքի արդյունք է, որն ամբողջացրել է խնդիրների վերհանումից մինչև մանրակրկիտ ուսումնասիրության, լայնածավալ քարոզչության և հանրային իրազեկման, տեխնիկական աջակցությանն ուղղված համատեղ ջանքերը:

ՀՀ կառավարությունը սեռով պայմանավորված հղիության ընդհատումները ճանաչել է ազգային գերակայություն, մշակել և 2015 թ.-ին  ընդունել նախածննդյան շրջանում պտղի սեռի ընտրությանն ուղղված առաջին ազգային ծրագիրը:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն աջակցեց մեզ ստեղծել դաշինք, որը բաղկացած է Կառավարությունից, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, հավատահենք կազմակերպություններից, միջազգային դոնորներից և լրատվամիջոցներից:

Մեր հավաքական աշխատանքի արդյունքում լրատվամիջոցները, հասարակության մի զգալի մասը, միջազգային կազմակերպությունները, Կառավարությունը, խորհրդարանը և եկեղեցին դարձել են մեկ թիմ, որը կանգնած է այս արատավոր սովորության դեմ:

ՄԱԿ Բնակչության հիմնադրամի աջակցությամբ Հայաստանը հաջողությամբ կատարում է իր միջազգային պարտավորությունները՝ ԵԽԽՎ 1829 բանաձևի շրջանակներում:

Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Մարդու իրավունքների վերաբերյալ գրեթե բոլոր հիմնական միջազգային իրավական ակտերը, մասնավորապես` գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ: Որպես ՄԱԿ-ի ընտանիքի և ԵԽ անդամ, և որպես անկախ պետություն, որը ձգտում է եվրոպական ինտեգրմանը, Հայաստանը ստանձնել է նաև որոշակի պարտավորություններ` ազգային օրենսդրությունը ներդաշնակեցնելու այդ իրավական ակտերի հետ:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելվում է «գենդերային հիմքով խտրականությունը», իսկ ազգային ընթացիկ քաղաքականությունն ու բարեփոխումները համահունչ են ՄԱԿ-ի Կայուն զարգացման 2030  նպատակների օրակարգին և նպաստում են դրանց, մասնավորապես` նպատակ 5-ի իրականացմանը, որը սահմանում է «գենդերային հավասարության հասնելու և բոլոր կանանց և աղջիկներին հզորացնելու» անհրաժեշտությունը:

Տիկնայք և պարոնայք,

Անցյալ տարի գարնանը աշխարհը ականատես եղավ Հայաստանում պատմական փոփոխությունների, որոնք գտնվում էին միջազգային հանրության և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Աշխարհի հայերը ներգրավված էին խաղաղության և սիրո հեղափոխության մեջ, ինչը հանգեցրեց իշխանության խաղաղ փոխանցման: Կանայք, որոնց մեծ մասը երիտասարդ էին, հեղափոխության շարժիչ ուժն էին և ողջ գործընթացի խաղաղ բնույթի պահապանները:

Հայաստանի նոր Կառավարությունը տարբեր առիթներով հայտնել է իր պատրաստակամությունը՝ խրախուսելու երկրում կանանց քաղաքական մասնակցությունը և որոշումների կայացման գործընթացներում նրանց ներգրավվածությունը` ոչ միայն ժողովրդավարություն ապահովելու, այլև երկրում կայուն զարգացում ապահովելու և կանանց համար իրենց ներուժի օգտագործման առավելագույն հնարավորությունների ստեղծման համար:

Մենք գիտակցում ենք, որ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու՝ աղջիկների և տղաների հավասար արժևորման և սեռի հարաբերակցության պահպանման համար, սակայն մենք լավատես ենք, քանի որ գիտենք՝ գյուղ կանգնի, գերան կկոտրի:

Շնորհակալություն»: