Բացի հնարավորություններ ստեղծելը, շատ կարևոր է նաև մարդկանց ոգեշնչել. Զարուհի Բաթոյան

0
71

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկա է գտնվել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Եկամտից առավել, միջինից առավել, առավել, քան ներկան» խորագրով Մարդկային զարգացման զեկույցի շնորհանդեսին:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը:

Փոխվարչապետը շնորհավորել է զեկույցի ներկայացման առիթով, վստահություն հայտնել, որ զեկույցներում վեր հանված խնդիրներն ու առաջարկներն ուղենիշ կդառնան կառավարության համար՝ ոլորտի զարգացման քաղաքականությունը մշակելիս:

«Մարդկանց առողջության, գիտելիքների, հմտությունների ու կարողությունների մեջ ներդրումն ուղղակիորեն ազդում է տնտեսական զարգացման վրա` ապահովելով կյանքի արժանապատիվ պայմաններ ու հասարակական բարեկեցություն: Հետևապես, եթե մենք նպատակ ունենք կրճատելու վաղաժամ մահացությունների թիվը, այսօր պետք է բարձրացնենք առողջապահության առաջնային օղակի որակը, մանկապարտեզից սկսած խթանենք առողջ ապրելակերպը: Եթե ցանկանում ենք նվազեցնել հանցագործությունների մակարդակը, պետք է ներդրում անենք հանրակրթության որակի բարձրացման մեջ` միաժամանակ ապահովելով բռնությունից զերծ միջավայր դպրոցում ու ընտանիքում: Եթե մեր առջև դրված է խնդիր՝ շրջակա միջավայրը պահպանելու, պետք է ջանքեր գործադրենք դպրոցներում բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունք ձևավորելու ուղղությամբ: Այսօր ներդրում կատարելով մարդկային կապիտալի զարգացման մեջ` վաղը մենք ավելի քիչ ենք մտահոգվելու հասարակական կարգի պահպանման, աղքատության ու գործազրկության համար»,- նշել է փոխվարչապետը:

Փոխվարչապետը նաև նշել է, որ մարդկային կապիտալի զարգացման արդյունքը միայն տնտեսական զարգացումը չէ: Այն կարևոր միջոց է հանդուրժողականության տարածման ու ատելության խոսքի դեմ պայքարի, կանանց ու տղամարդկանց միջև հավասարության ամրապնդման ու հետագայում նաև տնտեսական իրացման հնարավորությունների ընդլայնման, քաղաքական մասնակցության խթանման համար:

«Կուզենայի նաև նշել այն լրջագույն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում սոցիալական ծրագրերում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մեր հմուտ առաջամարտիկի դերի շնորհիվ»,- առանձնացրել է փոխվարչապետ Ավինյանը:

Քննարկման ընթացքում նախարար Զարուհի Բաթոյանը  ներկայացրել է նախարարության նոր ծրագրերը, կարևորել այնպիսի գործոններ, ինչպիսիք են մատչելիությունը, աշխատանքի հնարավորությունը, միջին և բարձր տարիքի անձանց կողմից նոր մասնագիտություն ձեռք բերելու հնարավորությունը.

«Կարծում եմ՝ բացի հնարավորություններ ստեղծելը, շատ կարևոր է մարդկանց նաև ոգեշնչել: Մեր կառավարությունը վերջին ամիսների ընթացքում հենց այս առաքելությունն է իր առջև դրել, որպեսզի ոգեշնչի մարդկանց և գործողության մղի: Միայն ոգեշնչմամբ և հաջողված պատմությունների ազդեցությամբ է հնարավոր հաղթահարել որոշակի սահմանափակումներ: Եթե մարդը չի հավատում իր ուժերին ու հնարավորություններին, չունի նաև մղում սովորելու, զարգանալու»,- իր խոսքում ասել է նախարար Զարուհի Բաթոյանը: