Զարուհի Բաթոյանն ընդունել է Գերմանական Կարմիր Խաչի ներկայացուցիչներին

0
114

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընդունել է «Գթության խոհանոց» ընկերական շրջանի ղեկավար, քահանա Կառլ-Հայնց Շայդեին և Հայաստանում Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության մասնաճյուղի գրասենյակի ղեկավար Մովսես Պողոսյանին։

«Ուզում եմ վստահեցնել, որ մեզ համար շատ կարևոր է համագործակցությունն ու ձեր ներգրավվածությունը տարբեր ծրագրերում՝ հատկապես այն հեռավոր համայնքներում, որտեղ աշխատում եք և այն խմբերի համար, որոնց ուղղված են ձեր ծրագրերը։ Նրանք ամենախոցելի, ամենաշատ պաշտպանության ու աջակցության կարիք ունեցող խմբերն են: Սոցիալական պաշտպանության ոլորտում, հավանաբար, ավելի շատ ձեզ դիտարկել են որպես տարեցների հիմնահարցերով զբաղվող գործընկեր, բայց այսուհետ համագործակցությունը կդիտարկենք ավելի լայն շրջանակում»,-նշել է նախարարը։

«Գթության խոհանոց» ընկերական շրջանի ղեկավար, քահանա Կառլ-Հայնց Շայդեն շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության և սոցիալական ծառայությունների բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքի համար՝ ներկայացնելով շուրջ 26 տարի իրականացվող ծրագրի ստեղծման պատմությունը։

«Մինչև 65 տարեկանս աշխատել եմ քահանա և երբ ինձ հարցրեցին՝ արդյո՞ք ես կստանձնեմ Հայաստանի կարիքավորներին օգնելու դժվարին գործը, ասացի՝ այո՛, ես դա կանեմ։ «Գթության խոհանոց» ծրագիրը նախաձեռնել է Գերհարդ Մայերը 1994 թվականին և նրա մահից հետո մենք շարունակեցինք ծրագրի իրականացումը Հայաստանում»,– ասել է քահանա Կառլ-Հայնց Շայդեն։

Զարուհի Բաթոյանը արժևորել է կազմակերպության գործունեությունը Հայաստանում՝ շնորհակալություն հայտնելով այն անձանց և կազմակերպություններին, որոնք տարիներ շարունակ աջակցել են։ Նախարարը վստահեցրել է, որ ստեղծված գործընկերային կապն ամուր է՝ պատրաստակամություն հայտնելով  հետագա արդյունավետ համագործացության և ծրագրերի ընդլայնման համար։

Նշենք, որ «Գթության խոհանոց» ծրագիրը գործում է 1994 թվականից, որի շրջանակում ամեն տարի՝ հոկտեմբերից մայիսն ընկած ժամանակահատվածում, միայնակ կենսաթոշակառուները, առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով անձինք օրական մեկ անգամ ստանում են տաք, որակյալ սնունդ, ինչպես նաև սննդի փաթեթներ՝  Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: