ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին:
Կողմերը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, նախարարության քաղաքականությունը՝ ուղղված ծնելիության խթանմանը, ընտանիքում բռնության ենթարկված անձանց տրվող աջակցությանն ու երեխաներին ուղղված ցերեկային ծառայություններին:
«Այժմ մեր քաղաքականությունն ուղղված է երեխաներին ընտանիքում ապրելու իրավունքի պաշտպանությանը, նրանց և նրանց ընտանիքների վերամիավորմանը։ 2020 թվականից նախարարությունը հինգ անգամ ավելի շատ երեխաների է ցերեկային համայնքային ծառայություններ մատուցում: Այս առումով շատ կարևոր է, որ հնարավորինս շատ համայնքներում կարողանանք ծառայություններ ունենալ։ Մենք անում ենք հնարավոր ամենը, որպեսզի երեխան ապրի ընտանիքում, առողջական կամ սոցիալական խնդիրների պատճառով չհայտնվի հաստատությունում և աջակցությունն ուղղում ենք հենց այդ ընտանիքներին»,- նշել է Զարուհի Բաթոյանը։
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը ողջունել է նախարարության՝ ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ոլորտում իրականացվող ծրագրերը՝ ներկայացնելով նաև Ֆրանսիայի լավագույն փորձն ու արձանագրած հաջողությունները։
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է կարիերա-ընտանիք հավասարակշռության ապահովումը, նաև այն նպաստավոր պայմանների ստեղծումը, որի արդյունքում մասնագիտական բարձր կարողություններ ունեցող կանայք կարժևորեն ընտանիքի դերը:
«Դրանք մարտահրավերներ են, որոնց առճակատվում են բոլոր պետությունները։ Այս առումով որևէ մեկը մյուսին դասեր տալ չի կարող, սակայն յուրաքանչյուր երկիր ունի իր սեփական փորձը, որն արժե կիսել մյուսի հետ։ Կարծում եմ՝ մեր փորձի փոխանակումը շատ կարևոր է»,- ասել է դեսպան Ժ․ Լաքոթը։
Կողմերը քննարկված հարցերի շուրջ ձեռք են բերել հետագա համագործակցության և երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտում փորձի փոխանակման պայմանավորվածություն։