«Շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը և մասնակցում եք այս հանդիպմանը: Այսօր ձեզ հետ կուզենայինք քննարկել հաշմանդամություն ունեցող անձանց աշխատաշուկայում ներգրավման հետ կապված խնդիրները: Գիտեմ, որ ձեզանից շատերը՝ որպես խոշոր գործատու, արդեն իսկ իրականացնում է կորպորատիվ պատասխանատվության քաղաքականություն, և ձեր գործընկերների թվում կան նաև հաշմանդամություն ունեցող անձինք: Կարծում եմ՝ այս հանդիպումը երկուստեք շատ կարևոր է՝ մեզ համար ձեր փորձը ուսումնասիրելու, մեր զբաղվածության ծրագրերը վերանայելիս՝ դա հաշվի առնելու իմաստով, ձեզ համար՝ պետական զբաղվածության ծրագրերի մասին առավել մանրամասն տեղեկացվելու»,- այս մասին «Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատաշուկայում ներառումը. խնդիրներ, լուծումներ» թեմայով կլոր սեղան-քննարկման ընթացքում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նախարարը նշել է, որ, ցավոք, հաշմանդամություն ունեցող անձինք աշխատաշուկայում բավարար չափով ներգրավված չեն, այդ իսկ պատճառով առավել խոցելի են աղքատության նկատմամբ: Պատճառները տարբեր են՝ սկսած միջավայրի ֆիզիկական մատչելիությունից՝ մինչև վերաբերմունքային հարցեր, կրթական հնարավորությունների բացակայությունից՝ մինչև տրանսպորտային հասանելիություն և այլն: Հաճախ դա բերում է սեփական ուժերի նկատմամբ հավատի կորստի, երբեմն՝ խնդիրների ընտանիքում և այլն:
Նախարարն ընդգծել է, որ Հայաստանում շատ է զգացվում նաև տեխնիկական միջոցների բացակայությունը՝ հատուկ համակարգչային ծրագրերի, աջակցող միջոցների, որոնք կարող են առավել արդյունավետ դարձնել հաշմանդամություն ունեցող անձի ներգրավվածությունը աշխատաշուկայում:
«Այս խնդիրների լուծմանն ուղղված քայլերի ձեռնարկումը շատ կարևոր է, սակայն լուծումները պետք է համակարգային լինեն: Աշխարհում այս հարցի լուծման տարբեր մոտեցումներ կան, սակայն մեր իրականությունում միակ փորձը, որի վրա կարող ենք հիմնվել, մեր և ձեր անձնական փորձն է՝ որպես գործատու կամ աշխատող»,- ասել է նախարարը:
Հանդիպման ընթացքում Զբաղվածության պետական գործակալության ղեկավար Արտակ Սիմոնյանը ներկայացրել է զբաղվածության պետական ծրագրերը, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդրին: Փոխնախարար Արման Ուդումյանը ներկայացրել է այդ ծրագրերում իրականացված բարեփոխումները և նախարարության ընդհանուր քաղաքականությունը՝ ուղղված զբաղվածության ոլորտին:
Գործատուները, իրենց հերթին, ներկայացրել են իրենց կառույցների մոտեցումները, փորձով կիսվել գործընկերների հետ, բարձրաձայնել հիմնական խոչընդոտները, որ առաջանում են հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունելիս:
Նշենք, որ հանդիպմանը ներկա են եղել 19 խոշոր գործատուներ՝ մասնավոր սեկտորից՝ կապի օպերատորների, հյուրանոցների, բեռնափոխադրող ընկերությունների, սննդի արտադրության, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ: