Աշխատանքի տոնավաճառ Իջևան քաղաքում

0
86

2010թ. օգոստոսի 18-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում պետական բյուջեի ֆինանսավորմամբ և “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության նախաձեռնությամբ տեղի կունենա աշխատանքի տոնավաճառ, որի նպատակն է աշխատանք փնտրողներին առաջարկել հանդիպում թափուր աշխատատեղ առաջարկող գործատուների հետ, ծանոթացում գործազուրկների համար իրականացվող զբաղվածության ծրագրերին, իսկ գործատուներին` գտնել համապատասխան հմտություններով  մասնագետներ:

Աշխատանքի տոնավաճառը մեծ նշանակություն ունի մարզի տնտեսական զարգացման հարցում. լինելով գովազդային հրաշալի միջոց, այն կարող է հետաքրքրություն առաջացնել ներդրողների շրջանում և մեծացնել տվյալ տարածքում ներդրումների հավանականությունը: Այն նաև միջոց է ակտիվացնելու գործատու- զբաղվածության պետական ծառայություն համագործակցությունը, որից միայն կշահեն տվյալ տարածքի աշխատաշուկան, տնտեսությունը:

Եթե աշխատանք փնտրողները տվյալ պահին չգտնեն համապատասխան աշխատանք, նրանք կարող են կապեր հաստատել տարբեր գործատուների հետ, տեղեկանալ կանխատեսվող աշխատատեղերի, գործատուների պահանջների  մասին և վերանայել իրենց հմտությունները:

“Զբաղվածության պետական ծառայություն” գործակալությունն առաջին անգամ աշխատանքի տոնավաճառ իրականացրել է  2007թ. և 2008թ. ԱՄՆ ՄԶԳ և ՀԲ ծրագրերի շրջանակներում, որից հետո, ծրագրի կարևորությունից և արդյունքներից ելնելով, այն  ամրագրվել է որպես պետական ծրագիր: 2009թ. հանրապետության տարբեր մարզերում (Վանաձոր, Արտաշատ, Գյումրի, Դիլիջան, Կապան, Հրազդան) կազմակերպվել է 6 աշխատանքի տոնավաճառ, որոնց մասնակցել է շուրջ 220 գործատու, 10 750  աշխատանք փնտրող: Գործատուների կողմից ներկայացված թափուր աշխատատեղերի թիվը կազմել է 1360, իսկ կանխատեսվողը` 2100: Տոնավաճառների կազմակերպման արդյունքում աշխատանքի է տեղավորվել շուրջ 400 աշխատանք փնտրող:

Իջևանում կազմակերպվող աշխատանքի տոնավաճառը 2010թ.  ընթացքում նախատեսված տոնավաճառներից երրորդն է, որին մասնակցելու հայտ է ներկայացրել  40 գործատու: Ներկայացված թափուր աշխատատեղերի թիվը շուրջ 70-ն է, իսկ կանխատեսվողը` 50:  Ենթադրվում է նաև, որ տոնավաճառին կմասնակցի շուրջ 1500 աշխատանք փնտրող:

2010թ. աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվել հանրապետության երկու մարզերում` հունիսի 18-ին Գավառում, հուլիսի 7-ին` Վանաձորում: Գավառում կազմակերպված տոնավաճառին մասնակցել է շուրջ 55 գործատու և շուրջ 800 աշխատանք փնտրող, նրանցից 500-ը տոնավաճառի վերաբերյալ տեղեկացել էին զբաղվածության մարզային և տարածքային կենտրոններից,  ներկայացվել էր  շուրջ 230 թափուր աշխատատեղ: Աշխատանքի է տեղավորվել 61 անձ: Վանաձորում կազմակերպված տոնավաճառին մասնակցել է 39 գործատու և շուրջ 3000 աշխատանք փնտրող, ներկայացվել է շուրջ 615 առկա և 132 սպասվող թափուր աշխատատեղ: Համաձայն Վանաձորի զբաղվածության մարզային կենտրոնից ստացված տվյալների` օգոստոսի 10-ի դրությամբ տոնավաճառի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 39 անձ: