Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ յուրաքանչյուր վետերանի կհատկացվի 300.000 դրամ՝ որպես գնահատանք նրանց ունեցած վաստակի, և որպես սոցիալական պաշտպանության միջոցառում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված համապատասխան նախագիծն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում:
Նշենք, որ 2020 թ.-ի փետրվարի 1-ի դրությամբ Հայաստանում բնակվում է Հայրենական մեծ պատերազմի 287 վետերան: ՀՀ կառավարությունը մշտապես բարձր է գնահատել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում վետերանների ունեցած ավանդը և հնարավորության սահմաններում պարբերաբար աջակցել վետերաններին բարեկեցիկ և արժանավայել կյանք ապահովելու հարցում:
Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ այս տարի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի տոնական միջոցառումներ չեն կազմակերպվի, ուստի «Հաղթանակի և խաղաղության ու Հանրապետության տոներին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման մշտական հիմունքներով գործող միջգերատեսչական հանձնաժողովը», որը ներկայացրել է առաջարկությունը, հույս ունի, որ այս համեստ աջակցությունը ևս մեկ անգամ կհիշեցնի վետերաններին, որ իրենք մշտապես գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության և հոգածության ներքո։
Հիշեցնենք, որ անցյալ տարի Կառավարության որոշմամբ Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը կրկնապատկվել էր՝ կազմելով 100.000 դրամ: