Այսօր աշխարհը նշում է ամենակարևոր օրերից մեկը՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը: Այս տարի այն անցնում է մեզ համար անսովոր պայմաններում, չեն լինելու տոնական միջոցառումներ, բայց ստեղծված իրավիճակը լավ առիթ է՝ ընտանեկան միջավայրում երեխաների հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու, նրանց երազանքների և ցանկությունների մասին խոսելու, միմյանց ավելի շատ սեր ու ջերմություն տալու համար։
Հայաստանում ապրում է շուրջ 778,400 երեխա, նրանցից 8623-ը հաշմանդամություն ունեն։ Ավելի քան 145,000 երեխա ապրում է ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներում։ Պետության ենթակայությամբ գործող մանկատներում խնամք է ստանում 623 երեխա, որից 457-ը առողջական խնդիր ունեն։ Գիշերօթիկ հաստատությունում խնամք է ստանում 83 երեխա։
Մենք վստահ ենք, որ անկախ երեխայի սեռից, տարիքից, առողջական կամ այլ վիճակներից նրա զարգացման և երջանիկ կյանքի համար լավագույն միջավայրը ընտանիքն է, ուստի մեր քաղաքականությունն ուղղված է երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը։
2019-ին մեր ջաքերի շնորհիվ գիշերօթիկ հաստատություններից և մանկատնից շուրջ 200 երեխա վերադարձավ կենսաբանական ընտանիք, իսկ այս տարի գրեթե եռապատկել ենք երեխաների ցերեկային ծառայությունները. 2019 թ.-ի 1160 շահառուի փոխարեն 2020 թ.-ին ծառայություններ ենք նախատեսել շուրջ 3900 երեխայի համար Երևանում և հանրապետության բոլոր մարզերում՝ ընդգրկելով 30 խոշոր բնակավայրեր։
Մեզ համար առանցքային է նաև հաստատություններ երեխաների մուտքը կանխարգելող ծրագրերի իրականացումը․ այս իմաստով եռապատկել ենք աջակցություն ստացող ընտանիքների թիվը: Այդ ծրագրերի շնորհիվ այս տարի հաշմանդամության հիմքով մանկալքությունների թիվը շեշտակիորեն կրճատվել է:
Մենք մեր ռեսուրսներն ուղղել ենք ոչ թե հաստատություններին, այլ ընտանիքների աջակցությանը, որովհետև հավատում ենք, որ ոչ մի երեխա չպետք է հայտնվի հաստատությունում՝ միայն սոցիալ–տնտեսական խնդիրների պատճառով:
Ապաինստիտուցիոնալացման այս ճանապարհը չափազանց բարդ է, բայց մենք նաև գիտենք, որ երբեք ու ոչ մի դեպքում չենք զիջելու երեխայի որևէ իրավունք:
Երեխաների պաշտպանության օրը ևս մեկ առիթ է մտորելու այն մասին, թե ինչ պետք է սովորեցնենք մեր երեխաներին և ինչ կարող ենք սովորել նրանցից: