Դեպի աշխատաշուկա. Ծրագրավորող Սվետլանայի հաջողության պատմությունը

0
61

25-ամյա Սվետլանա Պետրոսյանը  արդեն մեկ տարուց ավելի  որպես ծրագրավորող աշխատում է «Այթիռեսուրսիս» ծրագրավորման ընկերությունում: Զբաղվածության պետական ծրագրի շրջանակներում եռամսյա վճարվող պրակտիկայի շրջանակներում ուսուցում ստանալուց հետո նա աշխատանքի  է անցել նույն կազմակերպությունում:

Սվետլանան սովորել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի բաժնում, սակայն ուսումն ավարտելուց հետո իր մասնագիտությամբ աշխատանք գտնել չի կարողացել: Ընկերուհու միջոցով տեղեկացել է զբաղվածության պետական ծրագրերի մասին, այցելել է զբաղվածության տարածքային կենտրոն, հաշվառվել և սպասել առաջարկի:

«Տեղեկացա Զբաղվածության տարածքային կենտրոնների մասին, որտեղ կազմակերպում են մասնագիտություն ունեցողների ուսուցումը գործատուների մոտ»,-պատմում  է Սվետլանան:

Աշխատանքային պրակտիկայի կազմակերպման  ծրագիրը երիտասարդների կողմից ամենասիրված ծրագրերից մեկն է, որը 2014 թ.-ից իրականացվում է ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալության կողմից:  Ծրագրի նպատակն է աջակցել  ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործողին իր մասնագիտական որակավորմանը համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու հարցում: Ձեռք բերած փորձը օգնում է երիտասարդին  աշխատաշուկայում դառնալ մրցունակ՝ այդպիսով մեծացնելով նրա  աշխատանք գտնելու հնարավորությունները:

Սվետլանան պատմում է, որ իր մասնագիտությամբ դժվարացել է աշխատանք գտնել, քանի որ ամենուր պահանջում էին հմտություններ, որոնք միայն պրակտիկ աշխատանքի շնորհիվ էր հնարավոր ձեռք բերել:

«Նույնիսկ սկսնակ մասնագետ չէի,  երբ եկա այստեղ: Ես նոր էի ավարտել ուսումս, պրակտիկ փորձ չունեի: Այստեղ եմ սկսել իրական  աշխատանք կատարել, և դա ամենաարժեքավոր փորձն  է, որ կարող էի ունենալ: Այստեղ ինձ  տրվել են առաջադրանքներ, որոնց իրականացման հետ կապված հարցերով դիմում էի փորձառու մասնագետներին, ովքեր ինձ օգնում էին, իմ հարցերին պատասխանում»,- պատմում է Սվետլանան:

«Այթիռեսուրսիս» ընկերության տնօրեն Դավիթ Շահբազյանը  նշում է, որ երբ գործատուն գիտելիքներն է կիսում նրա հետ, ով ցանկանում է սովորել, անհրաժեշտ են նաև երաշխիքներ, որ դա ռեսուրսների վատնում չէ.

«Յուրաքանչյուրի հետ աշխատանքում, ով գիտի միայն տեսություն, գործատուն ռեսուրս և ժամանակ է ծախսում, նախ նրա անձնային որակները հասկանալու, իսկ հետո մասնագիտական որակների զարգացման հնարավորությունները պարզելու համար: Գործատուին տրամադրվող աջակցությունն օգնում է կանխել ռիսկը, որը կարող է լինել  պրակտիկայի ավարտից հետո, եթե ուսուցանվողը որոշի, որ միասին չենք աշխատելու: Հակառակ դեպքում՝ ցանկացած գործատու կարևորում է գիտելիք ունեցող մասնագետին և երբեք չի ցանկանա կորցնել նրան»,-նշում է տնօրենը:

Պրակտիկայի ամբողջ ժամանակահատվածում, որը տևում է երեք ամիս, պրակտիկանտին տրամադրվում է գումար՝  նվազագույն աշխատավարձի չափով: Գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետը ևս վճարվում է՝ նվազագույն ամսական աշխատավարձի  50 %-ի չափով:  Բացի այդ գործատուին տրամադրվում է գումար՝ պրակտիկանտի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը և նպատակային սոցիալական վճարները փոխհատուցելու համար:

«Եթե դու մասնագետ չես ու մասնագիտական աշխատանքային փորձ չունես, ապա նվազագույն աշխատավարձի չափով փոխհատուցումը բավարար է, ու նման աջակցությունը չի խանգարի առօրյան կազմակերպելու համար: Նորավարտները պետք է գիտակցեն, որ կարևոր փորձը ձեռք է բերվում սովորելու միջոցով: Պետք է ձգտել կատարելագործել հմտությունները՝ որպես մասնագետ կայանալու համար»,- ասում է Սվետլանան:

«Ծրագրի իրականացման ողջ ընթացքում զբաղվածության տարածքային կենտրոնը լինում է շահառուի կողքին: Այցելություններ ենք կատարում գործատուին և հավաստիանում, որ ծրագրի շահառուն գոհ է ընթացքից, իսկ ծրագիրն ընթանում է սահմանված նպատակին համապատասխան»,- ասում է ԶՊԳ ծրագրերի իրականացման մեթոդական աջակցության և խորհրդատվության բաժնի պետ Ռուզան Արշակյանը: