Աժ արտահերթ նիստում 85 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ քվեարկությամբ ընդունվել է կառավարության կողմից «Պետական նպաստների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու ու ժամանակավոր անաշխատունակության ու մայրության նպաստների մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագծի փաթեթը»։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նշել է, որ խոսքը գնում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող գործատուների վարձու աշխատողների խնամքի պաստի ժամանակավոր անաշխատունակության նպաստի և մայրության նպաստի կարգավորմանը.
«Առաջարկվում է խնամքի նպաստ հատկացնել նաև այդ վարձու աշխատողին, որը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։ Միաժամանակ վերապահվում է նաև ժամանակավոր անաշխատունակության իրավունք, իսկ մայրության նպաստն ի տարբերություն գործող իրավակարգավորումների՝ կնշանակվի և կվճարվի գործատուի միջոցով։ Խոսքը չի վերաբերում նպաստի ֆինանսավորման աղբյուրներին. մայրության նպաստը ֆինանսավորվելու է պետական միջոցներով, սակայն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող գործատուի դեպքում ևս վարձու աշխատողի նպաստը կվճարի գործատուն։ Խնամքի նպաստը նախատեսվում է վճարել խնամքի արձակուրդի հաջորդող ամսվա մեկից»,- ասել է փոխնախարարը։
Օրենքի դրույթները հետադարձ ուժ կունենան և կկիրառվեն 2020 թ.-ի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների հիման վրա: Սա նշանակում է, որ օրինակ՝ խնամքի նպաստ կնշանակվի և կվճարվի խնամքի արձակուրդում գտնվելու՝ 2020 թվականի հունվարի 1-ից հետո մինչև օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար: