2021 թ.-ի հունվարի 1-ից հետո նշանակվող կենսաթոշակները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով

0
131
Hand inserting ATM card into bank machine to withdraw money. businessman men hand puts credit card into ATM

2021 թ.-ի հունվարի 1-ից հետո նշանակվող կենսաթոշակները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի միջոցով։

Բացառություն կկազմեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող, 75 տարին լրացած կամ 14 տարին լրացած անչափահաս անձինք, ովքեր իրենց ընտրությամբ կենսաթոշակը կարող են ստանալ նաև կանխիկ եղանակով՝ «Հայփոստի» միջոցով:

Բացառապես անկանխիկ եղանակով կենսաթոշակների վճարման համակարգին անցումը կիրականացվի փուլերով. Այսպես, կենսաթոշակը կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է՝

1) Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում` 2021 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո,

2) այլ քաղաքներում` 2021 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո,

3) 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում` 2022 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո,

4) մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում՝ 2023 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո:

Մինչև 2021 թ.-ի հունվարի 1-ը նշանակված և կանխիկ եղանակով, այսինքն՝ «Հայփոստի» միջոցով վճարվող կենսաթոշակների դեպքում, քաղաքացուն հնարավորություն կտրվի ընտրել այն բանկը, որի միջոցով կիրականացվի կենսաթոշակի հետագա վճարումը՝ անկանխիկ եղանակով: Դրա համար քաղաքացիները պետք է դիմում գրեն՝ կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու վերաբերյալ՝

1) Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում` 2021 թ.-ի հունվարի 1-ից մինչև հուլիս 1-ը,

2) այլ քաղաքներում` մինչև 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև 2022 թ.-ի հունվարի 1-ը,

3) 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում` մինչև 2022 թ.-ի հուլիսի 1-ից մինչև 2023 թվականի հունվարի 1-ը,

4) մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում՝ մինչև 2023 թ.-ի հուլիսի 1-ից մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:

Եթե դիմումի հիման վրա նշված ժամկետներում կենսաթոշակի վճարման եղանակն անկանխիկի չփոխվի և կենսաթոշակառուն չընտրի բանկ, որի միջոցով ցանկանում է ստանալ կենսաթոշակը, ապա դա կարվի Կառավարության սահմանված կարգով ընտրված բանկի միջոցով՝ հետևյալ ժամկետներում.

1) Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում` 2021 թվականի հուլիսի 1-ից հետո,

2) այլ քաղաքներում (բացառությամբ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների)` 2022 թվականի հունվարի 1-ից հետո,

3) 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում` 2023 թվականի հունվարի 1-ից հետո,

4) մինչև 1000 բնակիչ 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում՝ 2024 թվականի հունվարի 1-ից հետո:

Այսպիսով կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակին անցումը կկատարվի 3 փուլով. սկզբում անկանխիկ եղանակով կվճարվեն նոր նշանակված կենսաթոշակները, հետո նախկինում նշանակված և կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակների դեպքում հնարավորություն կտրվի կենսաթոշակառուին ընտրել բանկ և կենսաթոշակի վճարումը շարունակել անկանխիկ եղանակով, իսկ երրորդ՝ վերջին փուլում մնացած բոլոր դեպքերում կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելու համար բանկը կընտրվի Կառավարության սահմանված կարգով:

Ընդ որում, բոլոր դեպքերում կենսաթոշակառուն հնարավորություն ունի դիմում ներկայացնելու միջոցով փոխել բանկը, որի միջոցով կենսաթոշակ է ստանում:

Հարկ է նշել, որ կենսաթոշակների վճարման նշված կարգը տարածվում է նաև պարգևավճարների, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, ինչպես նաև խնամքի նպաստի վրա: Այսինքն՝ նշված վճարատեսակները ևս կվճարվեն անկանխիկ եղանակով՝ կենսաթոշակների համար ներկայացված կարգով: