ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին:
Զարուհի Բաթոյանը ներկայացրել է պատերազմական գործողությունների ողջ ընթացքում իրականացված աշխատանքները, ինչպես նաև՝ մատնանշել ստեղծված իրավիճակում սոցիալական առաջնային կարիքները.
«Արդեն հաջորդ շաբաթ կմեկնարկի միանվագ դրամական աջակցության ծրագիրը, որը նախատեսված է Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների համար: Կառավարությունն այս օրերին քննարկում է նաև Արցախում առաջացած հումանիտար աղետի հակազդման, քաղաքացիական ենթակառուցվածքների, Արցախի բնականոն կենսագործունեության վերականգնման և տեղահանվածների ապահով ու արժանապատիվ վերադարձի ծրագրերը: Բացի այդ՝ մշակվել է պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագիրը»,- ասել է նախարար Բաթոյանը:
Դեսպան Լաքոտը շնորհակալություն է հայտնել այս ծանր ժամանակահատվածում հանդիպման կազմակերպման համար.
«Ուզում եմ ևս մեկ անգամ ուղղակի փաստել, որ Ֆրանսիան Հայաստանի և հայ ժողովրդի կողքին է: Մեր համակրանքը և համերաշխությունն եմ հայտնում հայ ժողովրդին: Ակնհայտ է, որ այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, իր անմիջական ազդեցությունն է ունենում նաև Հայաստանի բնակչության վրա: Սա բավականին ծանր է ոչ միայն Հայաստանի կառավարության և մասնավորապես Ձեր նախարարության համար, այլև շարքային քաղաքացիների, ովքեր հյուրընկալել են ռազմական գործողությունների հետևանքով իրենց տները լքած մարդկանց: Այս համատեքստում Ֆրանսիան պատրաստվում է մարդասիրական աջակցություն ցուցաբերել Հայաստանին և հայ ժողովրդին»,- հանդիպման ընթացքում ասել է դեսպան Լաքոտը:
Դեսպանը մանրամասնել է, որ խոսքը կարճաժամկետ և երկարաժամկետ աջակցության ծրագրերի մասին է՝ հաշվի առնելով նաև պատերազմի մնայուն հետևանքները: