Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն այցելել է վիրավոր զինվորներին

0
71

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նոյեմբերի 30-ին այցելել է Արցախի պաշտպանության ընթացքում վիրավորում ստացած զինվորներին՝ տեղում ծանոթանալու նրանց առողջական վիճակին և տեղեկանալու հաշմանդամության խմբի տրման հետ կապված արագացված նոր գործընթացի արդյունավետությանը, լսել գործընթացը զինվորների համար էլ ավելի պարզ և արագ դարձնելուն միտված կարծիքներն ու առաջարկները։

Մեսրոպ Առաքելյանը կարևորել է զինվորների հաշմանդամության սահմանման գործընթացի անխոչընդոտ իրականացումը՝ նշելով, որ արվում է ամենն այն ավելի պարզ ընթացակարգով կազմակերպելու համար։ Մասնավորապես, արդեն մի քանի օր է նախարարության աշխատակիցներն անձամբ են տներում և հիվանդանոցներում այցելում վիրավոր զինծառայողներին, գնահատում կարիքները, ըստ անհրաժեշտության, տրամադրում հաշմանդամության խումբ։

Շրջելով Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում՝ նախարարը տեսակցել է բուժում ստացող զինվորներին, ծանոթացել բուժման ընթացքին, շնորհակալություն հայտնել նրանց՝ հայրենիքին անձնվիրաբար ծառայելու համար։

Շրջայցի ընթացքում նախարարը ծանոթացել է նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի պայմաններին, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ քննարկել զինվորների վերականգնողական աշխատանքներին վերաբերող առաջնային հարցերը, հաշմանդամություն ունեցող զինվորներին հասարակություն արագ և լիարժեք ինտեգրելու տարբերակները, հետագա անելիքներն ու նախանշել գործողությունների ընթացքը։