ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունվել է «2020թ․ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Նախագծի համաձայն սոցիալական աջակցություն կտրամադրվի Արցախի պաշտպանության ընթացքում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին։
Ծրագրի շահառու կհանդիսանան և՛ Հայաստանի, և՛ Արցախի քաղաքացիները։ Աջակցությունը կտրամադրվի միանվագ դրամական օգնության ձևով՝
1) 1-ին խմբի հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին՝ 3,000,000 դրամ,
2) 2-րդ խմբի դեպքում՝ 2,000,000 դրամ,
3) 3-րդ խմբի դեպքում՝ 1,000,000 դրամ,
4) Հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում՝ 3,000,000 դրամ,
5) Զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին՝ 5,000,000 դրամ։
Դիմումների ընթացակարգի մասին կտեղեկացնենք առաջիկայում։