Նախարար Մեսրոպ Առաքելյանն ու առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը նախատոնական օրն անցկացրել են երեխաների ընկերակցությամբ՝ դեկտեմբերի 30-ին այցելելով «Մանկան տուն»։ Տնօրենի ուղեկցությամբ նրանք շրջել են հաստատության տարածքում, ծանոթացել պայմաններին ու երեխաների ճաշացանկին։
1։1 հաշվով ավարտելով նախարարի հետ սեղանի ֆուտբոլի ընկերային հանդիպումը՝ փոքրիկներն անցել են տոնական նվերները բացելուն, հետո պատմել իրենց երազանքների մասին։
Պարզվում է՝ «Մանկան տան» սաներից մեկն ապագա նախարար-ֆուտբոլիստ է, ում Մեսրոպ Առաքելյանը խոստացել է Հայաստանի ազգային հավաքականի համազգեստ նվիրել, մինչ մյուսները ևս կկողմնորոշվեն ապագա մասնագիտության ընտրության հարցում։
Թեպետ երեխաներն այստեղ շրջապատված են լիարժեք խնամքով և հոգատարությամբ, այնուամենայնիվ, հաստատության տնօրենի հետ զրույցում նախարարը կարևորել է յուրաքանչյուր երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը՝ որպես պետության սոցիալական պատասխանատվության գերակայություն։
Իսկ մինչ այդ նախարարությունն ամեն օր անելու է առավելագույնը՝ կյանքի դժվար իրավիճակում հայտնված երեխաների համար սիրով և ուշադրությամբ լցված միջավայր ապահովելու համար։